Oragir.News-ի տեղեկություններով՝ օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Վարդաբլուր գյուղի վարչական տարածքում գտնվող ապօրինի շահագործվող խճաքարի արդյունահանման հանքում։
Ըստ մեր տեղեկությունների՝ հանքի շահագործման ընթացքում մահացել է Լևոն Չալաբյանը, ով մնացել է հողազանգվածի տակ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված հողատարածքները նախկինում պատկանել են համայնքի նախկին ղեկավար, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուլզադյանին։
Ներկայումս այդ տարածքները փաստացի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին են պատկանում, թեպետ գրանցված չեն նրա անունով, բայց շահագործվում են նրա մերձավորների կողմից։
Ըստ Oragir.News-ի ստացած տեղեկությունների՝ այդ վարելահողերում ստեղծվել են տնկարաններ, որտեղ աճեցվում են տարբեր տեսակի տնկիներ՝ հետագա վաճառքի նպատակով, սակայն, ուշադրության է արժանացել հարակից բլրի տարածքում իրականացվող, ենթադրաբար, ապօրինի ընդերքի օգտագործումը։ Խոսքը վերաբերում է խճաքարի արդյունահանմանը, որը, ըստ տեղացիների, իրականացվում է առանց համապատասխան թույլտվությունների և լիցենզիայի։
Ինչպես մեզ պատմեցին քաջատեղյակ մարդիկ՝ հանված խճաքարը օգտագործվում է նաև վարելահողերի տարածքում ճանապարհահարթակներ կառուցելու նպատակով, որպեսզի բեռնատարները կարողանան մուտք գործել և տեղափոխել տնկիները։
Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Վարդաբլուրի վարչական ղեկավար Հակոբ Վարդանյանից։
«Ես հիմա արձակուրդում եմ գտնվում և հիմա բժշկի եմ, առողջական խնդիրներ ունեմ, երկու 2 ժամից զանգեք»,- ասաց նա, սակայն մեզ այլևս չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։
Oragir.News-ը հայտնում է, որ պատրաստ է լսել թեմայի հետ առնչվող բոլոր շահագրգիռ անձանց և կողմերին և հրապարակել նրանց մեկնաբանությունն ու պարզաբանումը։