ԵԱՏՄ-ից դուրս չենք գա, սխալ եք վարվում, որ սպառնում եք, ՀՀ-ն պլեճի հույսին մնացած երկիր չէ.Փաշինյան

Մենք հույսներս չենք դնի մեկ դաշնակցի վրա, մենք կունենանք մեր սեփական գազը. Փաշինյան

Երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, թե ում է պետք Հայաստանը, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանն այսուհետ ոչ մի դեպքում առանց այլընտրանքի չի մնա։ Մայիսի 27-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

«Մենք հույսներս չենք դնի մեկ ճանապարհի, մեկ դաշնակցի, մեկ խողովակաշարի վրա։ Մենք ունենք երկաթուղի արևմուտքից արևելք, ավելի վաղ բացվել է Ախալքալաք-Կարս երկաթուղին, իսկ մինչ այդ բացվել էր երկաթուղին Ադրբեջանի տարածքով։

Շուտով կբացվի TRIPP-ը, մեր տարածքով կանցնի գազատար, մենք այդ տարանցման հաշվին կունենանք սեփական գազ։ Այդ տարանցման դիմաց մեզ կվճարեն գազով։ Մենք կզարգացնենք այլընտրանքային էներգետիկան։

Քանի դեռ Հայաստանը կարող է լինել ԵԱՏՄ անդամ և շարունակել բարեփոխումները եվրոպական չափանիշներով, մենք կգնանք այդ ճանապարհով։ Հենց գա ընտրություն կատարելու ժամանակը, Հայաստանի ժողովուրդը կկատարի այդ ընտրությունը։ Իմ մեծագույն վաստակն այն է, որ ժողովուրդն ունի այլընտրանք, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել. «Ու՞մ է պետք Հայաստանը, ո՞ւր է կորչելու»։

Այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Հայաստանը կենսականորեն անհրաժեշտ է և՛ Արևելքին, և՛ Արևմուտքին, և՛ Հյուսիսին, և՛ Հարավին։ Այս բոլոր կողմերը պետք է լավագույն առաջարկն անեն Հայաստանի ժողովրդին, որն էլ կկատարի իր ընտրությունը։ Մենք այլևս կոնֆլիկտային փակուղի չենք, մենք խաղաղության խաչմերուկ ենք, Հայաստանի ժողովուրդն ունի ընտրություն։

Ես ուղիղ ասում եմ. դուք ձեզ սխալ եք դրսևորում՝ անելով սպառնալից ակնարկներ, որովհետև այլևս չի կարելի ասել, որ կարտոֆիլը 7 դրամով կթանկանա, և դրանից հետո Հայաստանի ժողովրդի ճնշումը կմեծանա։

Հայաստանն արդեն հազարների և տասնյակ հազարների երկիր չէ, այլ միլիարդների և տրիլիոնների երկիր է։ Սա այլևս ձեր և ձեր գործընկերների կողմից թալանված երկիրը չէ»,- նշել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ցանկանում է հիշեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, որը հայտարարել էր, որ մասնակցել է Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, ինչպես նաև ասել էր, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ։

«Հիմա նույն մարդն ասում է, որ Հայաստանը գնում է Եվրամիություն և այստեղ ակտիվացրել է իր գործակալին, որպեսզի կաշկանդի Հայաստանին, ինչպես դա կար մինչև 2018 թվականը։

Ես կասեմ ուղիղ։ Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես միակ պաշտոնյան եմ, ով միաժամանակ Միության երկու ղեկավար մարմինների կազմում է։ Ես պատրաստվում եմ և կօգտագործեմ այս լծակները, որպեսզի Լուկաշենկոն չկարողանա ԵԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ։

Հնչող բոլոր հայտարարությունները դատարկ հայտարարություններ են։ Նրանք, ովքեր հանդես են գալիս նման հայտարարություններով, չեն հասկանում, որ իրենք փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։

Ես ընտրություններից հետո կվերադառնամ, իսկ առաջիկա գագաթնաժողովին կմասնակցի կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ Հայաստանի փոխվարչապետը։

Ես հունիսի 7-ից հետո, ժողովրդական մանդատ ստանալու դեպքում, կվերադառնամ աշխատանքի, և դուք կտեսնեք, որ բոլոր տագնապալի հայտարարությունները կչեզոքացվեն։

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը չի հասկանում, որ փորում է ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Ես խորհուրդ եմ տալիս նրանց շեղվել այդ ճանապարհից»,- ընդգծել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *