2026 թվականին Հայաստանի Հանրապետության օրը նշվում է լիովին նոր պատմական պայմաններում։ Այս մասին մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 108-ամյակին նվիրված զինվորական շքերթի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար։ Այսօր մենք հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան», – հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, քանի որ մարտունակ ու թույլ բանակ ունեցող երկիրը կարող է գրավիչ դառնալ ագրեսիայի համար։
«Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով ու նոր գաղափարախոսությամբ։ Այսօրվա շքերթում կցուցադրվի 7 երկրների ռազմական արտադրանք։ Կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը, որն անում է իր առաջին, բայց վստահ քայլերը միջազգային շուկաներ դուրս գալու ճանապարհին»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։