Բաքու մեկնելն ուրանալու, մոռանալու մասին չէ․ Արեգ Քոչինյանը՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Հայ և ադրբեջանցի մասնագետների այս ֆորմատով չորրորդ հանդիպումն է տեղի ունեցել Բաքվում։  Կա հստակ պայմանավորվածություն, որ դրանք շարունակվելու են և դա  արդեն իսկ բավականին մեծ ձեռքբերում է․ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Քոչինյանը։

Նա նշել է, որ 38 տարվա կոնֆլիկտի հետևանքները կարճ ժամանակում հասարակության մեջ փոխել չեն կարող, բայց հանդիպման գաղափարն արդեն իսկ դրական քայլ է։

«Դուք կարող եք նշել տասնյակ պատճառներ, ես կարող եմ դրանց ավելացնել հարյուրավոր պատճառներ, թե ինչու մենք չպետք է գնանք Ադրբեջան, և ինչու ադրբեջանական կողմի պատվիրակները չպետք է գան Հայաստան։ Բայց ես կարող եմ ընդամենը մեկ պատճառ նշել, թե ինչու այդ այցելությունները պետք է տեղի ունենան։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը, նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև խաղաղության հաստատմանը և ինչ-որ չափով աջակցում են նաև երկու երկրների իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին։ Մեր հետ հանդիպումներում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ վստահեցնում են, հորդորում են, համոզում են, որ Հայաստանի և Ադրբեջանի մեջ արդեն իսկ կա խաղաղություն։ Խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է, այդ խաղաղությունը հիմա ընդլայնման, խորացման փուլում է, ու սա երևի թե կարևոր է»,-ասել է Քոչինյանը։

Անդրադառնալով անցյալը մոռանալու, ուրանալու մասին մեղադրանքներին՝ Քոչինյանն ասել է, որ իրենց նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ:

«Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը առկա նարատիվների, առկա պատմության, առկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Կհաջողվի այն, թե ոչ, բնականաբար որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, ինչպես և չի կարող երաշխիք տալ խաղաղության գործընթացի հաջողել-չհաջողելու վերաբերյալ, որովհետև դա էլ իր հերթին կապված է բազմաթիվ գործընթացների հետ։ Հաստատ է միայն, որ թե՛  մեր աշխատանքը, թե՛ մնացած աշխատանքները, որոնք տարվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, երաշխավորված չեն, բայց երաշխավորված է, որ եթե այդ աշխատանքները չեն տարվում, ապա խաղաղություն երբեք չի լինելու»,- եզրափակել է Քոչինյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *