Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանը սպասում է ավելի լավ առաջարկի․ Փաշինյան

Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանն սպասում է լավագույն առաջարկին։ Այս մասին մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերի համատեքստում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, որ այսուհետ և ընդմիշտ Հայաստանի ռազմավարությունն է լինելու միշտ այլընտրանք ունենալը։

Նրա խոսքով՝ այսօրվա շքերթը դրա վկայությունն է. ցուցադրվել է յոթ երկրի արտադրանք։

Փաշինյանն հայտարարել է, որ հարաբերությունների դիվերսիֆիկացում է լինելու էներգետիկ ոլորտում. նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի լինել էներգետիկապես անկախ՝ ունենալով արևային էներգիայի անսահմանափակ պաշարներ։ ԵՄ-ի հետ համագործակցությունը կլինի վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

«Միջուկային էներգետիկայի բնագավառում գործընկերների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում մոդուլային կայանի կառուցման հարցով. սպասում ենք կամ ընտրում ենք լավագույն առաջարկը։ Եթե այն լինի ռուսական կողմից՝ նրանց հետ, եթե ամերիկյան կողմից՝ նրանց հետ»,- հայտարարել է Փաշինյանը՝ թվարկելով նաև Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի տարբերակները։

Վարչապետը պարզաբանել է նախկինում հնչեցրած այն միտքը, ըստ որի՝ պետք է մեկ աղբյուրից կախվածությունը փոխարինել բազմաթիվ աղբյուրներից կախվածությամբ, ինչն էլ հենց կլինի անկախություն։ Միևնույն ժամանակ նա նշել է ԵԱՏՄ-ի հետ աշխատանքը շարունակելու մտադրության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *