Մահացել է Եմենի նախկին նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին

80 տարեկան հասակում մահացել է Եմենի նախկին նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին։ Այս մասին հայտնում է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը մահացել է մայիսի 28-ի լուսաբացին՝ Էր Ռիադի հիվանդանոցներից մեկում։ Եմենական մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հադին սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ վերջին օրերին նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Սպասվում է, որ Եմենի նախկին ղեկավարի մարմինը կտեղափոխվի երկրի ժամանակավոր մայրաքաղաք Ադեն, որտեղ էլ կկայանա հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը։

Աբդ Ռաբբո Մանսուր Հադին երկրի վերամիավորումից հետո Եմենի երկրորդ նախագահն էր։ Նա պաշտոնը ստանձնել է 2012 թվականին՝ 2011-ի զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերին հաջորդած անցումային շրջանում։ 2015 թվականին, երբ հուսիական «Անսար Ալլահ» շարժումը գրավեց մայրաքաղաք Սանան, Հադին ստիպված եղավ լքել երկիրն ու տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Իսկ 2022 թվականի ապրիլին նա հայտարարեց իր հրաժարականի մասին և իր ողջ լիազորությունները փոխանցեց Եմենի Նախագահական ղեկավար խորհրդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *