Իտալիայում կալանել են մաֆիայի հանգուցյալ պարագլուխ Մատեո Դենարոյի թմրանյութերի ցանցին առնչվող ակտիվները

Իտալիայի իշխանությունները կալանել են մաֆիայի հանգուցյալ պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյի թմրանյութերի ցանցին առնչվող ավելի քան 200 միլիոն եվրո (232 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ ակտիվներ, հայտնում է Associated Press-ը։

Մաֆիայի դեմ պայքարի դատախազությունը հինգշաբթի այս քայլը որակեց որպես հարված սիցիլիական մաֆիայի՝ իր ֆինանսական հզորությունը վերականգնելու փորձերին։ Ինչպես հայտնել են քննիչները մամուլի ասուլիսում, առգրավվել է ավելի քան 12 կիլոգրամ ոսկու ձուլակտոր, միլիոնավոր կանխիկ գումար, պրեմիում դասի ժամացույցներ և շքեղության մոտ 20 օբյեկտ։

Մեսինա Դենարոն մահացել է բանտային հիվանդանոցում 2023 թվականի հունվարին ձերբակալվելուց մոտ ինը ամիս անց՝ ավարտելով փախուստի մեջ անցկացրած իր երեսնամյա շրջանը։ Նրան հեռակա դատել և մեղավոր են ճանաչել տասնյակ սպանությունների մեջ, դրանց թվում՝ 1992 թվականի երկու պայթյունների կազմակերպման, որոնց հետևանքով զոհվել էին մաֆիայի դեմ պայքարի առաջատար դատախազներ Ջովաննի Ֆալկոնեն և Պաոլո Բորսելինոն։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հետաքննության շրջանակում իշխանությունները ձերբակալել են երեք անձի և հրամայել կալանել ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ ակտիվներ, ընկերություններ և ֆինանսական հոլդինգներ։ Իտալիայի ֆինանսական ոստիկանության ավելի քան 150 աշխատակիցներ խուզարկություններ են իրականացրել Իտալիայում և արտերկրում, ներառյալ՝ Անդորրայում, Ջիբրալթարում, Կայմանյան կղզիներում, Շվեյցարիայում, Լիբանանում, Մոնակոյում և Իսպանիայում։

Իտալիայիմ դեմ պայքարի ազգային դատախազ Ջովաննի Մելիլոն հայտարարել է, որ կալանքները սիցիլիական մաֆիայի տնտեսական ենթակառուցվածքը ապամոնտաժելու և գլոբալ ֆինանսական ու սոցիալական ազդեցություն (ներառյալ՝ ահաբեկում) գործադրելու ընդունակ հանցավոր ցանցերի վերականգնումը կանխելու ավելի լայն ջանքերի մի մասն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *