
Վերջին օրերին հաճախ եմ լսում իշխանավորների տարատեսակ որակումները այն մարդկանց հասցեին, որոնք հետևողականորեն բացահայտում են փաշինյանական թիմի ստերը։ Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները ծայրահեղ նյարդային ցնցումների ներքո վիրավորում են մարդկանց՝ նրանց անվանելով, օրինակ, սրիկա կամ «ագենտ»։
Ես, իհարկե, չեմ պատրաստվում իջնել դրանց մակարդակին, սակայն հարկ եմ համարում մի քանի հարց տալ, որպեսզի մարդիկ իրենք որոշեն, թե ով է սրիկա, իսկ ով՝ «ագենտ»։
Օրինակ՝ օրեր առաջ համացանցում հայտնվեց մի «բացահայտում», որը հրապարակվել էր «Хроники Кавказа» կայքում, և համաձայն այդ կայքում զետեղված՝ իբր «ՖՍԲ-ի աշխատողի հեռախոսից» ստացված տեղեկության, Ռուսաստանը, իբր, պլանավորում է Հայաստանում ընդդիմության օգնությամբ գահազրկել Փաշինյանին։ Իսկույն այս տեղեկությունը սկսեց տարածվել տարատեսակ «ՊՈԱԿ»-ոտ աղբյուրներով և իշխանամետ «խոսացող գլուխների» օգնությամբ։
Սակայն պետք եղավ ընդամենը մեկ օր, որպեսզի բացահայտվի այդ տեղեկության ակնհայտ ֆեյք բովանդակությունը։ Ընդ որում, այդ նյութն այնքան ապուշավարի էր «սարքված», որ նույնիսկ ներսի տեքստերը գեներացված էին ԱԲ-ի միջոցով։ Ասեմ ավելին՝ նյութի հեղինակը նույնպես արհեստական բանականության «պտուղ» էր, այսինքն՝ գոյություն չունեցող մարդ։
Բայց ամենակարևորն այն է, որ այդ կայքի տերը ոմն Թեյմուր Մամեդովն է, և այդ կայքի հետքերը տանում են դեպի ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայություններ։
Այսինքն՝ Հայաստանի իշխանության ենթակայության տակ «աշխատող» տարատեսակ «խոսացող գլուխները» հղում էին տալիս ադրբեջանական ֆեյքեր տարածող կայքին, որպեսզի վարկաբեկեն ընդդիմությանը։
Այստեղ շատ կարևոր է ընդգծել այդ ադրբեջանական կայքի և հայաստանյան իշխանամետ աղբյուրների սինխրոն աշխատանքը։
Այս պարագայում հարց է առաջանում՝ ով է այս դեպքում սրիկա և «ագենտ»․ մարդիկ, որոնք բացահայտեցին ադրբեջանցիների և հայկական իշխանամետ թևի համատեղ աշխատանքը Հայաստանի Հանրապետության դեմ, թե՞ նրանք, ովքեր դասական «շպիոնի» տրամաբանության ներքո Հայաստանում տարածում էին ակնհայտ սուտ լուրեր։
Սա ուղիղ և պարզ հիբրիդային պատերազմի դրսևորում է մեր պետության դեմ, և սա ամենապարզ սրիկայության դրսևորումներից մեկն է։
Առհասարակ, սրիկայության մասին մենք շատ բան ունենք «դեմ տալու» իշխանություններին, և այս ադրբեջանական հատուկ գործողության տապալումը ընդամենը դրվագներից մեկն է։
Մնացած թավշյա սրիկայությունների մասին՝ հաջորդիվ:
Արման Աբովյան