Հունիսի 7-ին ընտրատեղամասում Նիկոլին «ՈՉ» ասելով՝ վերականգնենք հայոց բանակի ոգին

Չգիտեի, որ ռազմական տեխնիկայի զորահանդեսով է բացահայտվում արտաքին պետական պարտքի առկայության լեգիտիմությունը: Բայց քանի որ մեր պետության վարչապետը Փաշինյան Նիկոլն է, դա էլ իմացանք: Իսկ մինչ այդ խարխափում էինք խավարում: Չնայած գիտեինք, որ պաշտպանությանն ուղղված միջոցները տարեկան կտրվածքով հատկացվում են պետական բյուջեից: Ինչևէ, վատ չէր, որ դա իմացանք: Բայց եթե մեր երկրի անվտանգության գծով միակ իրական սպառնալիքը հյուսիսում է, որը սահմանակից չէ մեզ, ինչ իմաստ ուներ միլիարդավոր դոլարներ ծախսել ռազմական տեխնիկա գնելու նպատակով: Հատկապես որ մեր ավանդական թշնամին այլևս մեր բարեկամն է, խաղաղության առումով երկրի ղեկավարի գործընկերը: Եվ եթե մենք արդեն ապրում ենք խաղաղության մեջ, ապա ո՞րն է պաշտպանական բանակ ունենալու անհրաժեշտությունը:

Ինչևէ, միաժամանակ իմացանք, որ ֆրանսիական ու հնդկական, ինչ-որ չափով նաև հայկական սպառազինությամբ զորահանդեսով հայկական «ավերակ» բանակը վերածվեց մարտունակի: Համենայն դեպս, պետք է որ այդպիսի եզրակացության գայինք՝ շարունակ լսելով վարչապետի աթոռից կառչած անձի նախընտրական ելույթները: Իհարկե, նաև մայիսի 28-ի զորահանդեսը դիտելով: Դա, բնականաբար, հեռու է իրականությունից ճիշտ այնպես, ինչպես վարչապետի աթոռից կառչած անձը հայրենասիրությունից ու պետական մտածողությունից:

Իսկ ինչպիսի՞ն էր իրավիճակն իրականում: Նախկիններից Նիկոլը ժառանգություն ստացավ մարտունակ բանակ: Ինչի հավաստումն ինքը ստացավ Տավուշի դիրքային մարտերի ժամանակ: Եվ, բնականաբար, Սարդարապատի համալիրում ըստ արժանվույն գնահատեց մասնակից զինվորականներին: Բոլոր մասնակիցներին պարգևատրեց «Մարտական խաչ» շքանշանով, իսկ հետախույզ կապիտանին՝ Ազգային հերոսի կոչումով: Պատճառն այն էր, որ ինքն այդ օրերին առաջնորդվում էր «Արցախը Հայաստան է» մտածողությամբ: Բնականաբար, ընդունելով, որ երբ Արցախը Հայաստան էր, այդ ժամանակ հայոց բանակն էլ մարտունակ էր: Տավուշի դիրքային մարտերից երեք ամիս անց, որպես գլխավոր հրամանատար, Լելե-թեփեի սխալ օպերացիայի պատճառով ջարդեց բանակի ոգին՝ դարձնելով ավերակ: Ինչի առումով, իր բնույթին հարազատ մնալով, պատասխանատվությունն ու մեղքը բարդում է նախկինների վրա:

Այսօր հայոց բանակն, իսկապես ավերակ է, ինչի հիմնական դրսևորումը դրա՝ հոգեբանորեն ջարդված լինելն է: Իսկ դրա դրսևորումն էլ բանակի գեներալիտետի վարքագիծն է: Բանակի գլխավոր շտաբի պետի, նրա տեղակալների և շտաբի անդամների, ովքեր 2021-ի փետրվարի վերջին պահանջեցին «գերագույն գլխավորի» հրաժարականը, իսկ մեկ-երկու օր անց զգաստ կանգնելով՝ «չեստ» տվեցին խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատու և, ըստ այդմ, թիվ մեկ մեղավոր հրամանատարին: Նման բնույթի գեներալներով, բնականաբար, մարտունակ բանակ ունենալ հնարավոր չէ: Որովհետև մարտունակ բանակի ոգին հիմնված է ուսադիր կրող սպանների անհատական արժանապատվության զգացումի վրա: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2021-ի փետրվարի վերջ-մարտի սկզբին, վկայում է ոչ թե դրա առկայության, այլ բացակայության մասին:

Հաճելի չէ, իհարկե, 108 տարի առջվա մայիսյան հերոսամարտերի շնորհիվ վերականգնված պետականության օրը նման մտածումներ ունենալը: Բայց այդպիսին է, դժբախտաբար, մեր իրականությունը: Ու այն փոխելու համար անհրաժեշտ է, որպեսզի հունիսի 7-ին մեկ մարդու նման այցելենք ընտրատեղամասեր: Եվ «ՈՉ» ասենք հայոց երբեմնի մարտունակ բանակն ավերակի վերածած՝ խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատու և, ըստ այդմ, թիվ մեկ մեղավոր հրամանատարին: Եվ նրա ստեղծած կուսակցությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *