Պորտուգալիայում գրանցվել է պատմության մեջ ամենաշոգ մայիսյան օրը. Մորա քաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Դա մայիս ամսվա ազգային նոր ռեկորդ է, որը գերազանցել է դեռևս 2001 թվականին սահմանված 40 աստիճանի նախորդ առավելագույն ցուցանիշը, հայտնում է BBC News-ը:
Ծայրահեղ շոգը միաժամանակ համակել է Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներ։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, որտեղ ջերմաստիճանը զգալիորեն գերազանցում է սեզոնային նորմաները։
Ֆրանսիայում կառավարությունն արտակարգ խորհրդակցություններ է անցկացնում՝ երկարատև շոգի ալիքներին նախապատրաստվելու համար։ Վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուն հավաքել է նախարարներին՝ քննարկելու արձագանքման միջոցառումները, ներառյալ ջրամատակարարման ապահովումը և անտառային հրդեհների դեմ պայքարը։
Փարիզում ջերմաստիճանն առաջիկա օրերին կարող է հասնել 34 աստիճանի։ Իշխանություններն արդեն սահմանափակումներ են մտցրել տրանսպորտի շարժի համար. մայրաքաղաքում նվազեցնում են արագության սահմանաչափերը և ճանապարհներին թույլատրում հիմնականում ցածր արտանետումներ ունեցող ավտոմեքենաների երթևեկությունը: Միաժամանակ, բնակիչների համար ներդրվում է հասարակական տրանսպորտի միասնական արտոնյալ սակագին։
Շոգն արդեն լրջորեն ազդում է առօրյա կյանքի վրա։ Ֆրանսիական Լանդեր տարածաշրջանում տարրական դպրոցներից մեկը փակվել է այն բանից հետո, երբ ներսում ջերմաստիճանը հասել է 53 աստիճանի։ Ուսուցիչները հայտնում են չափից ավելի տաքացած դասասենյակների, օդափոխության բացակայության և սեփական օդափոխիչները բերելու անհրաժեշտության մասին։
Չնայած ծայրահեղ պայմաններին՝ Ֆրանսիայում ավարտական քննությունները չեն չեղարկվել։ Կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է, որ քննությունները կշարունակվեն ըստ ժամանակացույցի, թեև ուսումնական հաստատություններին հանձնարարվել է օգտագործել ամենազով սենյակները։
Անոմալ շոգն անդրադարձել է նաև սպորտային մրցումների վրա։ Roland Garros մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հենց Ֆրանսիայի բաց առաջնության խաղի ժամանակ։
Իտալիայում իշխանությունները շոգի պատճառով վտանգի «կարմիր» մակարդակ են հայտարարել Հռոմում, որտեղ ջերմաստիճանը նույնպես կմոտենա 32 աստիճանին։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ շոգի ալիքը կպահպանվի առնվազն մինչև հանգստյան օրերը։
Փորձագետներն այսպիսի ծայրահեղ եղանակային երևույթներն ավելի ու ավելի հաճախ են կապում կլիմայի փոփոխության հետ՝ նշելով, որ Եվրոպայում ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցվում հետզհետե ավելի վաղ՝ արդեն գարնան վերջին։