
Արդյո՞ք համազգային համախմբում չի լինի և իշխանափոխություն տեղի չի ունենա․ այսօր ճեպազրույցում անդրադառնալով այս հարցին և ընդդիմության երեկվա հանդիպման արդյունքում հնչած հայտարարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Դա մի հարց է, որին պետք է պատասխանի ՀՀ ժողովուրդը»։
«Ի վերջո, որոշումներ կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինչպես որոշի, այդպես էլ կլինի, և այդ թեմայով ես լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ։ Բայց ես ուրիշ բան եմ ասում. տեսե՛ք՝ 65 միլիարդ կամ 64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, ի՞նչ է լինում. դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը։ Այսինքն՝ հիմա, որ մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, ի՞նչ, կամ որ ժողովուրդը գնա, նոր Սահմանադրությանը կողմ քվեարկի… Այսինքն՝ իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Որ ասում եմ՝ այդ մարդիկ հակապետական մարդիկ են, նաև սրա համար եմ ասում։ Բա ենթադրենք՝ կա տարբերակ, որ ի վերջո հարցը հասնի հանրաքվեի, և ժողովուրդը կողմ քվեարկի։ Որ կողմ քվեարկեց, ի՞նչ, այսինքն՝ իրենք ի՞նչ, ժողովրդի հասցեին նախկինում կիրառված վիրավորական մակդիրները հիմա էլ փոխանցելու են նրա՞ն, որ ասեն՝ ի՞նչ։ Սա է պատճառը, որ ասում եմ, որ այդ մարդիկ հակապետական, ոչ միայն հակակառավարական, հակապետական մարդիկ են, ովքեր ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել։
Մի հատ կազմը նայեք, և, ի միջի այլոց, ասեմ, որ ընդդիմադիր այդ ֆորմատի մի կոմպոնենտ կա, որը, կարծում եմ, կտրուկ՝ անգամներով կմեծացնի ընդդիմադիր այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Ես կարծում եմ, որ այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. դա Կտրիճ Ներսիսյանն է։ Որ ինքն էլ այնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական, և կարծում եմ, որ ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել։ Բայց հիմա էլ ուշ չէ, եթե, օրինակ, այսօր երեկոյան այդ ֆորմատով հավաքվեն, կարծում եմ՝ կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,- նշեց Փաշինյանը։