Հայաստանը 2013-ից էր շղթայված, երբ մտցվեց ԵԱՏՄ․ քաղաքագետ

«Հայաստանը ոչ թե 2018 թվից էր շղթայված, այլ, իմ կարծիքով, 2013-ից, երբ որ ԵԱՏՄ մտավ, ԵԱՏՄ մտցվեց, բերման ենթարկվեց, և բազմաթիվ ուղղություններ իր արտաքին քաղաքականության մնացին պարփակված և սահմանափակ։ Այսինքն՝ մենք չէինք կարողանում լիարժեք աշխատել Արևմուտքի հետ և ոչ միայն ԵԱՏՄ մասով, նաև ՀԱՊԿ-ի մասով կարելի է նույն ասել, որովհետև, երբ որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, դա սահմանափակում էր արևմտյան երկրներից զենք գնելը։ Եվ դրա հետևանքները մենք տեսել ենք մեր մաշկի վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն շղթայված էր 2018-ից։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լուկաշենկոն ասում էր, թե ՀՀ-ն ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտ ու ձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ, ակտիվացրել է իր գործակալին, որ նա ՀՀ-ն շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 2018-ից։ Նրա խոսքով՝ հիմա քայլեր են արվում, որ այդ սահմանափակումները, այդ շղթայվածությունը հանվի։

«ՀԱՊԿ-ի մասով մեր կողմից բոյկոտելը արդեն որոշակի դրական արդյունք տվել է, արևմտյան երկրներից տեսնում ենք, որ արդեն սպառազինություն է ձեռք բերվում, ճիշտ է սահմանափակ, բայց արդեն սկսել է գործընթացը, և կարծում եմ՝ մոտ ապագայում ավելի մեծ տարածում կգտնի դա։ Երեկ մենք տեսանք՝ զորահանդեսի 7 երկրներից գնված սպառազինություն, իսկ նախկինում զենքի ձեռքբերման 94-95 %-ը Ռուսաստանին էր բաժին ընկնում։ Այնպես որ, որոշակի, իհարկե, տրամաբանություն Փաշինյանի ասածների մեջ կա»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչու Նիկոլ Փաշինյանը այդ մասին չէր խոսում 2018-2022 թթ-ին, արդյոք ինքն էլ էր շղթայված, Վարդանյանը նկատեց, որ ինչ-որ առումով, իհարկե, շղթայված էր։

«Բայց նա էլ չէր հասկանում դա, երբ որ մենք խնդիրներ ունեցանք 2021-23 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում։ Այն ժամանակ Ռուսաստանը, գիտենք, որ 400 միլիոն դոլարի զենքի գումար էր վերցրել, և իմ խորին համոզմամբ՝ դիտավորյալ այդ զենքը չէր տրամադրում, չէր մատակարարում, որպեսզի Հայաստանը լինի թույլ և խոցելի, իսկ արևմտյան երկրներից մենք չենք կարողանում զենք գնել։ Եվ միայն դրանից հետո ինքը հասկացավ, որ այդ շղթայվածությունը պիտի փորձի քանդի, և որոշակի քայլեր, այնուամենայնիվ, արվեց այդ ուղղությամբ։ Հիմա տեսնում ենք, որ դրական գործընթացներ կան բոլոր ուղղություններով՝ և՛ տնտեսական առումով Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունն է մեծացել վերջին տարիների ընթացքում, և՛ սպառազինություն ենք գնում նաև արևմտյան երկրներից։ Այնպես որ, իրականում մինչև դժբախտություն չի գալիս, չես հասկանում, և մեզ հասած այդ պատուհասներից, արհավիրքներից հետո միայն ինքը հասկացավ, որ պիտի փորձի ինչ-որ քայլ ձեռնարկել, որովհետև իրականում Հայաստանը, իրոք, հայտնվել էր թակարդի մեջ»,- եզրափակեց նա։


Արփինե Նավասարդյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *