ԱՄՆ-ը հրաժարվել է ռուսական պալադիումի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանելուց

ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովը (ITC) բացասական որոշում է կայացրել ռուսական պալադիումի նկատմամբ հակադեմփինգային և փոխհատուցող մաքսատուրքեր սահմանելու հարցում։ Գերատեսչությունը եզրակացրել է, որ Ռուսաստանից ներկրվող մետաղը վնաս չի հասցնում ամերիկյան արդյունաբերությանը։

Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարության համապատասխան մարմինը նախատեսում էր չմշակված պալադիումի նկատմամբ սահմանել 132,83% հակադեմփինգային և 109,1% փոխհատուցող մաքսատուրքեր։ «Նորիլսկ Նիկել» («Նորնիկել») ընկերության փոխնախագահ Անտոն Բեռլինի խոսքով՝ քննության արդյունքները կարող էին հանգեցնել այդ միջոցների հետադարձ ուժով կիրառմանը։

«Նորնիկելը» շարունակում է մնալ աշխարհում պալադիումի խոշորագույն արտադրողը՝ վերահսկելով համաշխարհային շուկայի շուրջ 40%-ը։

ԱՄՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսական պալադիումի ներմուծումը 2024 թվականին կազմել է 877,7 մլն դոլար՝ 2023 թվականի 1,08 մլրդ դոլարի և 2022 թվականի 1,35 մլրդ դոլարի դիմաց։

Գործընթացը նախաձեռնվել էր անցյալ տարվա օգոստոսին՝ հարավաֆրիկյան Sibanye-Stillwater ընկերության և ԱՄՆ Միացյալ պողպատագործների արհմիության դիմումի հիման վրա։ Դիմողները պնդում էին, որ ռուսական արտադրողները պետական սուբսիդիաներ են ստանում և պահանջում էին պաշտպանել Մոնտանա նահանգում գտնվող Stillwater հանքի գործունեությունը հնարավոր տնտեսական վնասներից։

Հակադեմփինգային մաքսատուրքը լրացուցիչ տուրք է, որը սահմանվում է ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե դրանք վաճառվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով՝ տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։

Փոխհատուցող մաքսատուրքը կիրառվում է այն դեպքերում, երբ ներմուծվող ապրանքների արտադրությունը կամ արտահանումը սուբսիդավորվում է արտադրող երկրի կառավարության կողմից։ Դրա նպատակը մրցակցային հավասար պայմանների ապահովումն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *