Այս փակուղին սխալ, չհաշվարկված որոշումների արդյունք է. Արա Այվազյան

ԵԱՏՄ գագաթնաժողովում չորս երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը լուրջ և մտահոգիչ ազդանշան է, նույնիսկ որոշակի չափով՝ ուլտիմատում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Արա Այվազյանը։

«Բնականաբար, այն, ինչ երեկ արձանագրվեց ԵԱՏՄ գագաթնաժողովում, որքան էլ մտահոգիչ լինի, անակնկալ չէր, և սպասելի էր», – ասել է նախկին նախարարը՝ նշելով, որ ընդդիմությունն այս մասին նախազգուշացրել էր։ Նա հիշեցրել է, որ ապրիլի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը, որտեղ զրույցը բավականին հանգամանալից էր ու հանրության համար հասանելի, սակայն դրան հաջորդեց Ռուսաստանի նախագահի շատ ավելի կոշտ հայտարարությունը։ «Ես դա [ՌԴ նախագահի հայտարարությունը] որակեցի որպես Ռուսաստանի կողմից թույլատրելի շրջանակների սահմանում և զսպման քաղաքականություն վարելու վճռականության ցուցադրում։ Նա ցույց տվեց այն գործիքները, որոնցով կարող է առաջնորդվել», – հայտարարել է Այվազյանը։

Նա նշել է, որ պաշտոնական Երևանի վարքագծից դատելով՝ Հայաստանի ղեկավարությունը այդ ազդանշանները բավարար լրջությամբ չի ընդունել։ «Եթե հիշում եք, ընդամենը օրեր առաջ գործող վարչապետը հայտարարեց, որ անհնար է, օրինակ, վերանայել գազի գինը, որ նման խնդիրներ միշտ էլ եղել են, բայց հայկական կողմը դրանք հաղթահարել է։ Սակայն այս անգամ իրավիճակը, կարծես, շատ ավելի լուրջ է, քան նախկինում։ Ցավալի է, որ մենք հայտնվել ենք այսպիսի վիճակում», – հավելել է դիվանագետը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն Հայաստանի համար հիմնական գործընկեր են, ինչի մասին վկայում էին նախօրեին հնչեցված տնտեսական ցուցանիշներն ու տվյալները։ «Անհնար է քաղաքականությունը տարանջատել տնտեսությունից։ Երկիրը չպետք է կորցնի իր ռազմավարական գործընկերների վստահությունը, անթույլատրելի է կիրառել հռետորաբանություն, որը վնասում է այդ գործընկերությանը, և միաժամանակ կարծել, որ դա չի անդրադառնա տնտեսության վրա»,- հայտարարել է նա։

Վերադառնալով ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությանը՝ Այվազյանը նշել է, որ այդ փաստաթուղթը որոշակի չափով ուլտիմատում էր, որն ուղղված էր ինչպես պաշտոնական Երևանին, այնպես էլ Հայաստանի բնակչությանը։

«Սա որոշակի չափով ուլտիմատում է նաև բոլոր այն մարդկանց, որոնց ասում էին՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Իրավիճակը ցույց տվեց, որ արկածախնդիր, չհաշվարկված, շատ հաճախ հույզերի վրա կառուցված արտաքին քաղաքականությունը կարող է անդառնալի կամ չափազանց ցավոտ հետևանքներ ունենալ նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ»,- հայտարարել է նա։

Այվազյանը հավելել է, որ ողջ խնդիրն այն է, որ չհաշվարկված քայլերը վտանգավոր են հատկապես այլընտրանքային շուկայական հարթակի բացակայության պայմաններում։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Արևմուտքը Հայաստանին ոչինչ չի առաջարկում, բացի գեղեցիկ արտահայտություններից, ելույթներից և այցերից, որոնք ոչինչ չեն տալիս։

Նախկին նախարարը նշել է, որ գործող իշխանության արտաքին քաղաքականության հիմքում ընկած էր այն գաղափարը, որ Հայաստանն իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը կապահովի, եթե կախված լինի տարբեր ուժային կենտրոններից։

«Եվ արդյունքում մենք հասանք մի իրավիճակի, երբ Հայաստանը սպասարկում է այլոց շահերը և մոռանում սեփական ազգային շահերի մասին։ Եվ, բնականաբար, դա Հայաստանը վերածում է հակադիր աշխարհաքաղաքական շահերի բախման ուղիղ կենտրոնի։ Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր ուժային կենտրոն օգտվում է պահից և Հայաստանին թելադրում իր պայմանները։ Եվ հիմա մենք արդեն հասել ենք մի իրավիճակի, երբ, կարծես թե, հայտնվել ենք փակուղում», – հայտարարել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *