ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան սկսում են ստորջրյա սարքերի մշակումը

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել են AUKUS պաշտպանական գործընկերության շրջանակում անօդաչու ստորջրյա սարքերի մշակման համատեղ ծրագրի մեկնարկի մասին, հայտնում է AFP-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ նոր ստորջրյա սարքերի մատակարարումները պետք է սկսվեն 2027 թվականին։

Մասնակից երկրների համատեղ հայտարարության համաձայն՝ ծրագիրը միտված է հետախուզության և հարվածներ հասցնելու կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև ստորջրյա նավակների ու մակերևութային նավերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Բացի այդ, նոր համակարգերը կօգտագործվեն հակաականային գործողությունների, ռադիոէլեկտրոնային պայքարի և պոտենցիալ հակամարտության պայմաններում ափամերձ գոտիներում իրականացվող գործողությունների համար։

Ծրագիրը AUKUS Pillar Two ուղղության մի մասն է, որը նախատեսում է առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցություն, ներառյալ քվանտային հաշվարկները, արհեստական բանականությունը, գերձայնային համակարգերը, կիբերտեխնոլոգիաները և ստորջրյա մշակումները։

Հեգսեթի խոսքով՝ նոր ծրագիրը թույլ կտա ստեղծել ունիվերսալ բազմաֆունկցիոնալ ստորջրյա անօդաչու հարթակներ, որոնք նախատեսված են լայն շրջանակի խնդիրներ կատարելու և ծովային ոլորտում դաշնակիցների տեխնոլոգիական առավելությունը պահպանելու համար։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ նոր սարքերը երեք երկրների զինված ուժերին հասանելիություն կապահովեն մարտական գործողությունների վարման ամենաժամանակակից տեխնոլոգիաներին։ Նրա խոսքով՝ անօդաչուները նաև կօգնեն ավելի արդյունավետ արձագանքել կրիտիկական կարևորություն ունեցող ստորջրյա ենթակառուցվածքների, այդ թվում՝ կապի մալուխների և խողովակաշարերի նկատմամբ սպառնալիքներին։

Հիլին նշել է, որ AUKUS-ի մասնակիցները մտադիր են քննարկումներից անցնել ծրագրերի գործնական իրականացմանը։ «Չափազանց երկար ժամանակ AUKUS-ի շրջանակներում ավելի շատ խոսակցություններ են եղել, քան իրական արդյունքներ»,- հայտարարել է բրիտանացի նախարարը։

2021 թվականին ստեղծված AUKUS դաշինքը Վաշինգտոնի, Լոնդոնի և Կանբերայի կողմից դիտարկվում է որպես Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման առանցքային գործիքներից մեկը (Չինաստանի աճող ազդեցության ֆոնին)։ Պեկինն իր հերթին բազմիցս քննադատել է համաձայնագիրը՝ նախազգուշացնելով, որ այն կարող է սպառազինությունների նոր մրցավազք հրահրել տարածաշրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *