Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ճապոնական Nikkei Asia-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը՝ շեշտելով, որ դա իրատեսական է միայն հստակ պայմանների կատարման դեպքում։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են պահպանել դեռևս 1949 թվականից, սակայն Գազայում ընթացող պատերազմի պատճառով երկկողմ առևտրաշրջանառությունը և հարաբերությունները դադարեցված են։
Ֆիդանն ընդգծել է, որ Անկարայի խնդիրը ոչ թե Իսրայելի՝ որպես պետության գոյությունն է, այլ քաղաքականությունը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան Իսրայելը ճանաչել է դեռևս տասնամյակներ առաջ և պահպանել դիվանագիտական հարաբերություններ։
Ըստ նախարարի՝ տարաձայնությունները կապված են առաջին հերթին պաղեստինցիների նկատմամբ իսրայելական ղեկավարության վարած քաղաքականության և Գազայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նա հասկացրել է, որ ներկայիս հանգամանքների փոփոխության դեպքում երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնումը մնում է հավանական մակարդակի վրա։