
ՄԱԿ-ը մտադիր է լուծարել եւ կրճատել ղեկավար կազմի հաստիքների մի մասը՝ առաջիկա երկու տարում՝ կազմակերպության ծավալուն վերակազմավորման արդյունքում։ Դա էլ իր հերթին պայմանավորված է կազմակերպության ֆինանսական խնդիրների հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ներկայացնելով վերակազմավորման նախագիծը, հայտարարել է, որ դա կապված է այն բանի հետ, որ մի շարք երկրներ, այդ թվում նաեւ՝ Միացյալ Նահանգները, կազմակերպության առաջ լուրջ պարտքեր ունեն՝ չվճարված անդամավճարների տեսքով։ Զուգահեռաբար՝ նաեւ իրականացվում է ՄԱԿ անձնակազմի վերաբաշխում՝ թանկ քաղաքներից դեպի ավելի կեցության համար էժան քաղաքներ, որը եւս թեթեւացնում է կազմակերպության ֆինանսական բեռը։ Նշենք, որ մի շարք բարձրաստիճան պաշտոններ ՄԱԿ-ում համարվում են մի շարք երկրների համար ամրագրված քաղաքական ազդեցության գործիքներ եւ վերակազմավորումը նաեւ այդ ազդեցություններն են շոշափելու։