Հայաստանի քաղաքական կյանքում հերթական աղմկահարույց դատական վեճն է հասել դատարան։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ պահանջելով ոչ միայն դրամական փոխհատուցում, այլև հրապարակային ներողություն։
Այս մասին Oragir.News-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված հայցադիմումից։ Հայցի հիմքում ընկած են Ալեն Սիմոնյանի՝ «Ֆեյսբուք» և «Տիկ-տոկ» հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին կատարված հրապարակումները։
Դրանցում խորհրդարանի նախագահը Սամվել Կարապետյանին ներկայացրել էր որպես «օտար հետախուզական ծառայության ներկայացուցիչ» և պնդել, որ նա ներգրավված է Հայաստանի Հանրապետության դեմ գործողությունների մեջ։
Հայցադիմումում նշվում է, որ նման ձևակերպումները ծանրագույն մեղադրանքներ են, որոնք հասարակության աչքում կարող են անձին ներկայացնել որպես պետության դեմ գործող սուբյեկտ և լրջորեն վնասել նրա համբավը։ Ուստի, հայցվորը պահանջում է, որպեսզի Ալեն Սիմոնյանը հերքումը հրապարակի իր ֆեյսբուքյան էջում հետևյալ բովանդակությամբ․ «Ես Ալեն Ռոբերտի Սիմոնյանս «Ֆեյսբուք» (Facebook) և Տիկտոկ (TikTok) հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:
Հայտնում եմ, որ այդ տեղկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով ես զրպարտել եմ Սամվել Կարապետյանին»:
Կարապետյանի ներկայացուցիչների գնահատմամբ՝ հրապարակումներում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ունեն զրպարտչական բնույթ և նպատակաուղղված են եղել նրա հեղինակության ու բարի համբավի վնասմանը։ Դատարան ներկայացված պահանջների շարքում են՝ պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից, վճարել 6 միլիոն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, փոխհատուցել դատական և փաստաբանական ծախսերը։
Փաստացի, եթե դատարանը բավարարի հայցը, ԱԺ նախագահը կարող է պարտավորվել ոչ միայն ֆինանսական պատասխանատվություն կրել, այլ նաև հրապարակային կերպով հրաժարվել իր հնչեցրած մեղադրանքներից։ Նշենք, որ գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին։ Հենց այս դատավորն էլ կորոշի՝ արդյոք խորհրդարանի նախագահի հրապարակային հայտարարությունները հիմնվա՞ծ են եղել փաստերի վրա, թե՞ դատարանը դրանք կգնահատի որպես զրպարտություն։

Իսկ մինչ այդ, առանցքային հարցադրումը հետևյալն է․ եթե իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը հրապարակայնորեն մեղադրում է որևէ անձի օտար հետախուզական ծառայությունների հետ կապ ունենալու մեջ, ապա որտե՞ղ են այդ պնդումները հաստատող ապացույցները։ Իսկ եթե դրանք չկան՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը կարո՞ղ է խուսափել պատասխանատվությունից․․․

