Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություննե՞ր կլինեն

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիտարկում է արդեն նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, և նշում՝ նման սցենարը կարող է արդիական դառնալ այն դեպքում, եթե բնակչության տնտեսական և սոցիալական աջակցության նոր միջոցառումների իրականացումից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը մեծանա։

Պարբերականի տվյալներով՝ կուսակցական շրջանակներում քննարկում են սոցիալական և տնտեսական միջոցառումների փաթեթի ազդեցությունը, որի հայտարարումը սպասվում է հոկտեմբերին։ Դրա արդյունավետությունը նախատեսվում է գնահատել ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների։

«Եթե հարցումները ցույց տան իշխող դաշինքին աջակցության աճ, ապա նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը կդիտարկվի շատ ավելի լուրջ», –գրում է թերթը։

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ վերջնական որոշումը կկայացվի հասարակական կարծիքի հարցումների արդյունքների հիման վրա, որոնք կուսումնասիրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան նախատեսված ժամկետում՝ 2028 թվականի մայիսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *