Հունիսի 7-ի ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարը կարծես մոռացվել է։ Եթե շաբաթներ առաջ ակտիվ խոսում էին հիբրիդային սպառնալիքների, ՌԴ-ի կողմից միջամտության փորձերի և դրանց դեմն առնելու մասին, ապա այսօր զարմանալի լռություն է։
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, ելակի, որոշ բանջարեղենի, մի շարք ալկոհոլային խմիչքների և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։ Մոսկվայում նաև զգուշացրել են Երևանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա ինտեգրումը զարգացնելու անհնարինության և Եվրամիության հետ հետագա մերձեցման դեպքում գազի շուրջ համաձայնագրերի հնարավոր խզման մասին։
Փորձագետների կարծիքով՝ սա ուղղակի ու բացահայտ ճնշման փորձ է հայ ժողովրդի վրա։ Այսպիսով՝ ՌԴ-ն ակնարկում է, որ եթե ՀՀ քաղաքացին ձայն տա անկախության և ժողովրդավարության ջատագով ուժերին, ապա ՌԴ-ն այս կարգի վատ բաներ կանի հայ ժողովրդի դեմ։
Սա էլ ամենը չէ։ Մայիսի 29-ին Աստանայում Պուտինը Հայաստանի ներկա իրավիճակը համեմատեց Ուկրաինայի նախապատերազմյան վիճակի հետ, երբ Կիևն ակնարկել էր ԵՄ-ին միանալու մտադրության մասին։ Այսպիսով՝ Պուտինն անուղղակի ակնարկել է, թե ՌԴ-ն կարող է պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ։
Ինչպե՞ս կարող են ՀՀ իշխանությունն ու քաղաքական համայնքը հակադարձել ռուսական ճնշումներին ու սպառնալիքներին։
Ագրեսիայի կամ ագրեսիայի իրական սպառնալիքի պարագայում հասարակությունը համախմբվում է իշխանության շուրջ։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին, որ արտաքին ագրեսիային դիմակայելու համար մի կողմ են դնում իշխանության հետ քաղաքական տարաձայնությունները և միավորվում իշխանության շուրջ։
Քաղաքական ուժերի կողմից Ռուսաստանի սանկցիաներին ու սպառնալիքներին համաչափ արձագանքը ցույց կտար, որ Հայաստանը անկախ և ժողովրդավարական պետություն է, կուսակցությունները ՀՀ անկախության ու ժողովրդավարության ջատագով են, և անհանդուրժելի է ժողովրդի վրա ճնշում գործադրելը ընտրությունների շեմին։ Իսկ ԱԳՆ-ն կարող էր հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպանին և նոտա հղել՝ ՌԴ իշխանություններին հորդորելով դադարեցնել անհիմն արգելքները հայկական ապրանքների նկատմամբ և սպառնալիքներով չխոսել հայ ժողովրդի հետ։
Տվյալ պարագայում Էկոնոմիկայի նախարարը ոչ թե պետք է խրոխտ խոսի, թե ինչ կարող են անել հայկական ապրանքների արտահանումն ամբողջությամբ դեպի Եվրամիություն վերաուղղորդելու համար, այլ ներողություն խնդրի ժողովրդից, որ մինչև հիմա այդ ուղղությամբ քայլեր չեն արել, որ ՌԴ-ն չկարողանար ընտրություններից մի քանի օր առաջ փաստի առաջ կանգնեցնել հայ տնտեսվարողին՝ նրան մեծ վնաս պատճառելով։
Մյուս կողմից՝ այս պատժամիջոցներն ու սպառնալիքները խորացնում են հանրային կասկածը, թե Մոսկվան վերջնականապես որոշել է հեռանալ Հայաստանից, պարզապես մի քանի մանր-մունր վատություններ է անում, որ չասեն, թե առանց կրակոցի զիջեց իր դիրքերը Հայաստանում։ Այս վարկածն ավելի է ծանրանում, քանի որ ռուսական պատժամիջոցների և սպառնալիքների հետևանքով ժողովուրդը համոզվում է, որ ՌԴ-ն ՀՀ-ի չբարեկամն է, որի հետ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի կառույցներում մնալն անիմաստ է։
Կարճ ասած՝ եթե ռուսներն ուզում են, որ ՀՀ-ում ԵՄ անդամակցելու մասին հանրաքվե լինի, ապա ՌԴ-ում հայկական ապրանքների վաճառքն արգելելը, տնտեսվարողներին վնաս պատճառելը, տարատեսակ սպառնալի ակնարկները կմղեն ՀՀ քաղաքացուն, որ վերջինս հաստատ ու համոզված քվեարկի ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու օգտին։ Գուցե Մոսկվան այս ամենը դիտմա՞մբ է անում, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանի դեմ տրամադրվի։