«Նժար» համահայկական նախաձեռնության համահիմնադիր Արտաշես Իկոնովը, անդրադառնալով Արթուր Օսիպյանի կալանավորմանն ու վերջինիս հացադուլին, հայտարարեց, որ Օսիպյանին ճանաչում է շուրջ մեկ տարի և հետևել է նրա գործունեությանը դեռ Արցախում։
Իկոնովի խոսքով՝ Օսիպյանը մշտապես պայքարել է մարդկանց իրավունքների պաշտպանության համար և երբեք կապ չի ունեցել իշխանական կամ ազդեցիկ շրջանակների հետ։
«Ես տեսել եմ, թե Արցախում եղած ժամանակ ինչպես էր նա հակադրվում տեղի իշխանություններին։ Սա մարդ է, որը պայքարել է արցախցիների իրավունքների համար, մասնակցել է պատերազմին և երբեք չի եղել որևէ էլիտար խմբի մաս»,- ասաց նա։
Անդրադառնալով Օսիպյանի կալանավորմանը՝ Իկոնովը պնդեց, որ վերջինս «անմեղ տեղն է» ձերբակալվել և այժմ գտնվում է ծանր վիճակում՝ շարունակվող հացադուլի հետևանքով։
«Մենք պետք է ամեն կերպ փորձենք համոզել նրան դադարեցնել հացադուլը, որովհետև նա մեզ պետք է որպես ուժեղ և պայքարող հայ երիտասարդ»,- նշեց Իկոնովը։
Նա նաև քննադատեց պետական կառույցների արձագանքի բացակայությունը՝ պնդելով, որ իրավական և սահմանադրական նորմերը հաճախ անտեսվում են։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ Իկոնովը հայտարարեց, որ վարչապետի հնչեցրած մեղադրանքներն ու գնահատականները «հերթական սուտն են»։
«Մենք ամեն օր տեսնում ենք սուտը սուտի վրա։ Այս մարդը իրականում այլ բան չունի առաջարկելու, և դրա համար էլ շատերը պայքարում են, որ նա հեռանա»,- եզրափակեց Իկոնովը։