Չինաստանում թոշակառուն այրել է բարդու մազմզուկները և հրկիզել ավտոկայանատեղիում կայանված 20 մեքենաները

Չինական Դալյան քաղաքում Վան ազգանունով 74-ամյա տղամարդը որոշել է այրել մայթին ու աստիճաններին կուտակված բարդու մազմզուկները։ Նա կարծել է, թե բարդին խանգարում է իր ամենօրյա զբոսանքներին, և օգտվել է կրակայրիչից։ Արդյունքում այրվել է 20 նոր էլեկտրամոբիլ։ Այս մասին հայտնում է «Փենփայ» պարբերականը։

Ուժեղ քամին արագորեն բորբոքել է կրակը, որն այնուհետև տարածվել է դեպի ավտոկանգառ։ Մեքենաները կայանված են եղել միմյանց շատ մոտ, ինչի պատճառով բոցն ակնթարթորեն տարածվել է։ Բոլոր ավտոմեքենաները նոր են եղել և կանգառում սպասելիս են եղել իրենց սեփականատերերին։

Հրշեջների տեղեկություններով՝ որոշ էլեկտրամոբիլներ վերածվել են մոխրացած կմախքների։ Բարեբախտաբար, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Հրդեհողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *