«Հրապարակ»․ Եթե 80 տոկոս եւ ավելի մերժում է եղել, ապա ընկերությունը պետք է դադարեցներ հարցումը

«Հրապարակի» զրուցակիցը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է:

– EuroNews-ը, հղում անելով Breavis-ի հարցումներին, որոնք իրականացվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի IRI պատվերով, մի սանդղակ է տարածել, որտեղ նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ հարցման, հավաքելու է ավելի քան 65 տոկոս քվե, ընդդիմադիր ուժերն անգամ չեն հաղթահարելու 12 տոկոսի շեմը: «Բրեվիս» ընկերությունը հրապարակումից ժամեր անց հերքել է այդ նյութը՝ նշելով, որ դրանք չեն արտացոլում ընկերության իրականացրած հարցման հրապարակված արդյունքները: Ի՞նչ նախադեպ է սա, եւ ինչո՞ւ են արեւմտյան կառույցները որոշել նման եղանակով կեղծել իրականությունը:

– Սոցիոլոգիական հարցումները եւ սոցիոլոգիան, որպես գիտություն, դիտարկում են այնպես, ինչպես մարդիկ, օրինակ, գլխացավից ազատվելու համար խմում են դեղահաբ, օրինակ` Ադվիլ, բայց դա բնավ չի խոսում առողջապահության մասին: Եթե մեկին օգնում է այդ դեղահաբը, եւ նա ասում է, որ լավ դեղ է, իսկ մյուսին դա չի օգնել, եւ նա պնդում է, որ դեղահաբը սխալ է, վատն է, ապա գուցե երկուսն էլ ճիշտ են այն համատեքստում, թե ինչ նպատակ են իրենք հետապնդում եւ ինչ են ստանում, բայց դա բնավ չի նշանակում, որ այս հարցն առողջապահական հարց է եւ արտացոլում է առողջապահական խնդիրները: Նախընտրական պայքարի ժամանակ քաղաքական գործիչները եւ կուսակցություններն ինստրումենտալիզացնում են սոցիոլոգիան՝ դարձնելով այն սեփական առաջընթացի գործիք, այն կիրառելով իրենց գովազդի համար, եւ, բնականաբար, եթե ստացված արդյունքներն իրենց օգտին չեն, դրանք չեն ներկայացնում հանրությանը, եւ հակառակը` եթե թվերն իրենց դուր են գալիս, ներկայացնում են եւ, բնականաբար, տարածում դրանք: Առողջապահական ոլորտում բժիշկը չի կարող առաջնորդվել պացիենտին դուր գալու տրամաբանությամբ, բժիշկը մարդուն բուժելու համար է: Սոցիոլոգիան նույնպես բուժելու համար է, այլ ոչ թե այս կամ այն ուժին դուր գալու: Օբյեկտիվ ճշմարտությունը պետք է ասել հասարակությանը: Պետք է միանշանակ տարբերել սոցիոլոգիան եւ սոցիոլոգիական գործիքի կիրառումը` քաղաքական նպատակներում: Սրանով արդեն շատ բան է պարզ դառնում: Նախընտրական փուլում գրեթե բոլոր կազմակերպությունների, ընկերությունների աշխատանքը, որոնք այլ ժամանակահատվածներում բավականին բծախնդիր են իրենց աշխատանքի նկատմամբ եւ ուշադիր, այս փուլում ներկայացնում են հեռախոսային հարցումներ, որոնք չեն արտացոլում իրականությունը:

– Հեռախոսային հարցումներն ինչո՞վ են տարբերվում դեմառդեմ հարցումներից:

– Հեռախոսային հարցումներն ունեն մեկ մեծ թերություն․ դու չես տեսնում ռեսպոնդենտին: Նա կարող է լինել մեկը, որն ունի վատ տրամադրություն եւ ունի հակառակվելու ցանկություն, ուստի կարող է ասել ցանկացած բան, որ գալիս է մտքին: Այդ մարդը կարող է լինել ֆիզիկական վատ վիճակում գտնվող մեկը, որը բուժհաստատությունում է, կամ տաքսու վարորդ, որը մենակ չէ այդ պահին, եւ որպեսզի հետագայում խուսափի մյուս տաքսու վարորդների հետ վիճաբանությունից, կարող է ասել այն, ինչն անշառ է եւ ընդունված է ասել: Մենք շատ լավ գիտենք, որ մարդիկ Հայաստանում ունեն անկեղծանալու խնդիր: Մեզ համար, ինչպես «Կտոր մը երկինք» ֆիլմում, համայնքը զորավոր է: Հաճախ սոցհարցումների ընթացքում մարդիկ ասում են ոչ թե այն, ինչ մտածում են, այլ՝ այն, ինչ մտածում է համայնքը: Կարող եմ նշել եւս մեկ այլ շատ կարեւոր թերություն, որն առկա է այսօր. դա մերժումների մեծ տոկոսն է: Լինում են դեպքեր, երբ մարդկանց 30-40 տոկոսը մերժում է պատասխանել հարցերին:

– Այս հարցումների պարագայում հարցվողների շուրջ 84 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցերին, եւ միայն 16 տոկոսի կարծիքը ներկայացվել է որպես մի ամբողջ հասարակության տեսակետ:

– Դա նշանակում է, որ մերժողները գոնե մասամբ ունեն քաղաքական կողմնորոշում, դատելով 2021-ի ընտրության մասնակցության թվերից, նշանակում է, որ այժմ մերժողների կեսն ունի հստակ տեսակետ, սակայն այս հարցումներում նրանց կարծիքը տեղ չի գտել, իսկ փոքրամասնության կարծիքը ներկայացվել է որպես ողջ բնակչության կարծիքի արտացոլում: Ստացվում է, որ սխալի հավանականությունն աճում է, եւ նման դեպքերում հարցումները պետք է ընդունել վերապահումներով: Մենք` սոցիոլոգներս, հարցումներին առաջին հայացքից պետք է նայենք ոչ թե արդյունքների տեսանկյունից, այլ` մեթոդիկայի: Ես նման հետազոտություններ պատվիրողներին, այս պարագայում` քաղաքական սուբյեկտներին խորհուրդ եմ տալիս` եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, այլ ոչ թե գովերգող տվյալներ կամ ձեզ համար հաճելի տվյալներ, իրականացրեք որակյալ հետազոտություններ, սոցիոլոգների հետ պլաններ կազմելով, այլ ոչ թե հրապարակեք ինչ-որ թվեր, որոնք հանրային կարծիքի վրա ներազդելու համար են: Պետք է հասկանալ, թե ինչն է ճիշտ, եւ ինչն է արդյունավետ, ինչն է պրոբլեմային, եւ այս ամենի վրա ոչ միայն կազմակերպել նախընտրական կամպանիան, այլեւ՝ քաղաքական ողջ ընթացքը: Դրանք պետք է միտված լինեն օբյեկտիվ խնդիրների լուծմանը:

– Այսինքն՝ այս հարցումները ոչ պրոֆեսիոնալ են, ունեն բացառապես քարոզչական բնույթ, եւ պետք է անտեսել դրանք:

– Եթե 80 տոկոս եւ ավելի մերժում է եղել, ապա ընկերությունը պետք է դադարեցներ հետազոտության ընթացքը եւ կիրառեր մեկ այլ մեթոդ: Օրինակ` ռեալ օֆլայն հետազոտություն պետք է իրականացներ կամ այլ մեթոդներով առաջնորդվեր: Ես՝ որպես ոլորտի մասնագետ, երբեք չէի ներկայացնի մի հետազոտության արդյունքներ, որտեղ կան այդքան մերժումներ: Այն որեւէ պարագայում չէր կարելի ներկայացնել որպես համազգային ընտրանքով արված հետազոտություն: Գովելի է, իհարկե, որ նրանք ասում են, թե իրականում որքան մերժումներ են ստացել, սակայն դա նույնն է, ինչ չես ստացել արդյունքներ: Գրեթե ամեն ամիս` մի քանի անգամ, ի դեպ, դրանք նաեւ ոչ սոցիոլոգիական ընկերություններ են, իրականացնում են հետազոտությունների արդյունքներ, որոնք եւս չեն արտացոլում իրականությունը: Երբեմն նաեւ լրագրողներն են հարցումներ իրականացնում, ինչը եւս մեծ խնդիր է մեզ համար: Պատկերացրեք, թե քաղաքացիներին որքան են անհանգստացնում, մերժումները նաեւ գալիս են սրանից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *