Մինչև 2030 թվականը Եվրամիությանը (ԵՄ) միանալու Հայաստանի հնարավորությունները քիչ հավանական են․ Известия-ի հետ զրույցում նշել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարտհայզերը։
«Չնայած Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը, մեծ մասամբ, մնում է տեսական։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերություններն առնվազն հարևաններից մեկի հետ՝ նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։
Չնայած վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն կերպով բարելավվել են, մինչև 2030 թվականը անդամակցությունը քիչ հավանական է։ Ներկայումս ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Բալկանյան թեկնածու երկրներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին չլուծված հարցերին», – նշել է նա։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ առայժմ նախընտրելի կլինի ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նրա տնտեսությունն ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերը բարելավելու համար։ Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։