
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի պաշտոնանկության շուրջ լուրերի վերաբերյալ մայիսի 28-ին Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաստանի հայկական ազգային-մշակութային միավորումների տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարների կողմից հայտարարություն է տարածվել․ «Մենք՝ Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաստանի Դաշնության հայկական ազգային-մշակութային միավորումների տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներս, տարակուսանք ենք հայտնում հայ-ռուսական տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) վերաբերյալ շրջանառվող լուրերի վերաբերյալ՝ կազմակերպության նախագահին «փոխարինելու» ենթադրյալ որոշման վերաբերյալ»։ Թեմայի շուրջ զրուցել ենք Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ։
– Այս պահին ինչո՞վ էր հրատապ նման հայտարարություն տարածելը։
– Հայտարարությունը եղել է ՌԴ-ում համապատասխան ռեգիոնների ղեկավարների կողմից՝ իրենց իսկ ցանկությամբ, ժողովի ժամանակ որոշում են կայացրել այն հարցի մասին, որը շուրջ 2 ամիս արծարծվում է ու անընդհատ տարբեր լրատվականներում քննարկվում է։ Բնականաբար, մարդկանց մոտ հարցեր են ծագում, թե ինչի համար է այս հարցն արծարծվում, եթե իրականում չկա ոչ մի կրակ։ Հայտարարության մեջ շեշտ է դրվել, որ Հայերի միության նախագահն ընտրվել է 2025թ. սեպտեմբերի 7-ին՝ 5 տարի ժամկետով, եւ նման խոսակցություններն անտեղի են, եւ մենք օրնիբուն շարունակում ենք աշխատել միասնական։ Բնականաբար, այս հայտարարությունը կարեւոր է, քանի որ պետք է հաշվի առնել մի փաստ, որ դա միայն կառույցը չէ, կառույցն իր մեջ ներառում է մի ամբողջ համայնք, իսկ համայնքի բնակչությանը գցել թյուրիմացության մեջ, որ կան փոփոխություններ, ճիշտ չէ։ Այդ պատճառով կարծում եմ, որ ճիշտ են արել համայնքների ղեկավարները՝ նման հայտարարություն անելով։
– Արա Աբրահամյանի պաշտոնանկության մասին քննարկումներում անգամ փոխարինողների անուններ էին շրջանառվում։ Արդյոք այս հարցը չի՞ քննարկվել։
– Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով, մեր կառույցում նման հարց չի քննարկվում, իսկ այլ հարթակներում թե ովքեր ինչ հարցեր են քննարկում, դա մեզ չի վերաբերում։
– Ռուսաստանը Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումներ է կիրառել։ Ռուսական շուկայում այդ բացը չի՞ երեւում։
– Արտահանման սահմանափակումը լուրջ խնդիր է թե՛ արտահանողների եւ թե՛ արտադրողների համար։ Արդեն իսկ այստեղ մենք շոշափում ենք այն փաստը, որ հայկական մթերքների պակաս կա։ Խանութներում ջերմուկ, հայկական ոգելից խմիչքներ, բանջարեղեն արդեն իսկ չկան։
– Հայկական ապրանքների պահանջարկը մե՞ծ է ռուսական շուկայում։
– Հայաստանից արտահանվող միրգ-բանջարեղենի 93 տոկոսը սպառվում է Ռուսաստանի տարածքում, բնականաբար, պահանջը կա, նույնը՝ խմիչքների ու ջերմուկի մասով։ Բայց չկա որեւէ ապրանքանմուշ, որ Ռուսաստանի Դաշնությունը ներկրման խնդիր ունենա։ Օրինակ՝ եթե հայկական ծիրանը չգա ՌԴ, բնականաբար, կգա Ուզբեկստանից կամ այլ երկրից, այսինքն՝ դրա տեղը կլրացվի։ Այո, հայկական ծիրանը շատ լավն է, բայց եթե չկա, կան փոխարինողները։ Նույնը կարող ենք ասել ցանկացած ապրանքի մասով։ Այստեղ խնդիրը հայ արտադրողի համար է։ Ես կարծում եմ, որ նախընտրական շրջանից հետո կերեւա այս հարցի լուծման ուղին, այլապես շատ վատ հետեւանքներ կունենա Հայաստանի էկոնոմիկայի վրա։
– ՀՀ իշխանությունները շրջանառում են այն թեզը, որ այս սահմանափակումներով ՌԴ-ն փորձում է իրենց վարկանիշի վրա ազդել՝ այդպիսով աջակցելով ընդդիմադիր ուժերին, եւ սահմանափակումները հունիսի 8-ից հետո կվերացվեն։
– Չեմ կարծում, որ պետք է հունիսի 8-ը որեւէ ձեւ կապել սահմանափակումների հետ, քանի որ իշխանություններն ուղիղ տեքստով արտահայտվեցին եւ ասացին, որ խնդիրը կապված է նրա հետ, որ Հայաստանի իշխանությունները, Եվրասիական միության անդամ լինելով հանդերձ, փորձում են իրենց վեկտորը փոխել դեպի Եվրոպական Միություն։ Սա ասվել է ուղիղ տեքստով, եւ այստեղ ընտրությունների հետ կապված որեւէ հարց չկա։
– Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան առթիվ, կողմերը հեռախոսազրույց են ունեցել․ սա կարելի՞ է ցուցիչ համարել հայ-ռուսական հարաբերությունների համար, թե՞ դիտարկենք արարողակարգային տիրույթում։
– Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի համար իր պատմական հայրենիքի ամենօրյա լավ լինելը կարեւոր է։ Ես չեմ կարող անձնային հարաբերությունների վերաբերյալ հարցերին պատասխանել, իսկ պետական հարաբերությունների վիճակը մենք տեսնում ենք անկախ նրանից, թե ինչպես են փորձում կոծկել։
– Եթե Հայաստանի իշխանությունները շարժվեն իրենց որդեգրած քաղաքականությամբ, դրա հետեւանքով Ռուսաստանում ապրող հայերն ի՞նչ խնդիրների կարող են բախվել։
– Ուղիղ տեքստով Ռուսաստանի պատկան մարմինները հայտարարեցին այն մասին, որ ՀՀ քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում, ստիպված կլինեն պատենտ ձեռք բերել, որպեսզի կարողանան աշխատել, այսինքն՝ կլինեն միգրանտի կարգավիճակով, որն արդեն իսկ խնդիր է։ Իսկ ՌԴ քաղաքացի ազգությամբ հայերը, կարծում եմ, չպիտի ունենան նմանատիպ խնդիրներ։
– Լուրեր են շրջանառվում նաեւ, որ 300 հազար հայի Ռուսաստանը պատրաստվում է դեպորտ անել։ Այս մասով ի՞նչ է Ձեզ հայտնի։
– Այն, որ մենք ունենք համապատասխան օրենք՝ ՌԴ-ում միգրացիայի հետ կապված, դա բնական է, որ ցանկացած այլ երկրի քաղաքացի պետք է հետեւի այդ օրենքներին։ Եթե տրված է, որ 90-օրյա ժամկետում պետք է լքի, ուրեմն պետք է լքի, իսկ դեպորտների հետ կապված կարող եմ ասել, որ համատարած այս պահին նման բան գոյություն չունի։ Մարդիկ, ովքեր խախտել են օրենքը մի քանի անգամ եւ օրենսդրության համաձայն պետք է դեպորտիզացիայի ենթարկվեն, ենթարկվում են, չի կարելի դա վերագրել համընդհանուր իրավիճակի եւ վերագրել հայ ազգին։ Թերեւս, առայժմ նման բան գոյություն չունի։
– Հունիսի 7-ի ընտրության շեմին նկատվում է Ռուսաստանից քաղաքացիների հոսք։ Ընտրության նպատակով ՀՀ եկող քաղաքացիները մե՞ծ թիվ են կազմում։
– Մենք չենք կարող գնահատական տալ այն փաստին, թե նախորդ տարվա համեմատ Ռուսաստանից որքան հայեր են Հայաստան գնում։ Շրջապատում կան մարդիկ, ովքեր գնում են հանգստանալու, կան, որ, այո, գնում են իրենց ընտրական պարտքը կատարելու։ Տարբեր առիթներով մարդիկ գնում են, իսկ որ ասում են՝ համընդհանուր բնույթ է կրում, ես նման տեղեկություն չունեմ։