Գործարկվում են երկաթուղով Բաթումիի և Սևանի սեզոնային ուղղությունները

«Հարավկովկասյան երկաթուղին» հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀԿԵ–ից։

Գնացքը երթևեկելու է օրընդմեջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Տոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի հիմնակայանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց։ Ընկերությունը ներդրել է տոմսերի առցանց գնման ավելի արդիական և արդյունավետ նոր համակարգ։ Ծրագիրն առայժմ գործում է թեստային ռեժիմով, բայց դրա օգնությամբ արդեն կարելի է գնել «Արմենիա» գնացքի տոմս։ 

Բացի այդ, հունիսի 12-ից մեկնարկում է նաև Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղին։ Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Երևան մեկնակայանից գնացքի մեկնումը ժամը 8։30-ին է, Շորժա կայարանից երեկոյան վերադարձը՝ ժամը 17։00։ 

Հայտնում ենք նաև, որ Գյումրի-Երևան №101 արագընթաց գնացքով ճամփորդող ուղևորների հարմարության նպատակով հունիսի 12-ից էլեկտրագնացքը Գյումրի կայարանից կմեկնի 19։40-ին նախկին 17։55-ի փոխարեն։ Դա թույլ կտա Գյումրու հյուրերին ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում Երևան վերադարձից առաջ։   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *