ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ալեքսանդր Օլդենի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը։
Նշվում է, որ Օլդենի թեկնածությունն արդեն ուղարկվել է ԱՄՆ Սենատ՝ քննարկման և հաստատման համար։
Ալեքսանդր Օլդենը ամերիկացի դիվանագետ է և միջազգային անվտանգության հարցերով փորձագետ։ Նա աշխատել է Թրամփի առաջին վարչակազմում (2017–2021 թթ.)՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Պետքարտուղարությունում, Ազգային անվտանգության խորհրդում և Պենտագոնում։
Ավելի ուշ նա դարձել է «Palantir Technologies» ընկերության ավագ խորհրդական և անդամակցել «Atlantic Council» վերլուծական կենտրոնին։ Օլդենը հայտնի է ԱՄՆ արտաքին քաղաքականության, պաշտպանության և Եվրոպայի հետ հարաբերությունների ոլորտում իր հետազոտություններով։
Ներկայումս Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը գլխավորում է ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլսոնը։ Նախկինում դեսպանի պաշտոնը զբաղեցրել է Մարկ Լիբին։