Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել և որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամտի Եկեղեցու ներքին կյանքին և փորձի Եկեղեցին ենթարկեցնել իր կամքին․ այսօր խմբագիրների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Մեր և մեր եկեղեցականաց կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ։ Եկեղեցու այս դիրքորոշումն ի սեր ժողովրդի է»,-ասել է նա։
Վեհափառի խոսքով՝ Եկեղեցու նկատմամբ, անշուշտ, հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ։
«Ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցնեն Եկեղեցին և հեռացնեն ու ձերբակալեն Վեհափառ Հայրապետին։ Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության դիմեն՝ ձերբակալեն Հայոց Հայրապետին, անշուշտ, մենք պիտի ենթարկվենք գործող օրենքին։ Իսկ եթե անարդար է, բնականաբար բոլոր միջոցները պետք է կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթի»,- հավելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։