Որևիցե ձևով մենք մտավախություն չունենք մեր եկեղեցու և մեր ժողովրդի իրավունքները պաշտպանել. դա մեր կոչումն է, մեր առաքելությունը, մեր հովվական գործունեության զուգընթաց և որևէ գործողություն չի կարող կաշկանդել մեզ մեր պարտականությունները իրականացնելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից առաջիկա հնարավոր հարձակումների դեպքում եկեղեցին կրավորական կեցվա՞ծք է ընդունելու, թե՞ մի փոքր էլ ավելի ատամնավոր ուղերձներ կտեսնենք։
«Ինձ թվում է որ ժամանակին մենք արձագանքել ենք տարբեր մակարդակներով՝ լինի եպիսկոպոսների, լինի միաբանության, լինի Գերագույն հոգևոր խորհրդի կողմից»,–ասաց նա։
Խոսելով 10 եպիսկոպոսների մասին, որոնք միացան Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, Վահեփառ հայրապետն ասաց. «Որոշ եպիսկոպոսներ միացան վարչապետի բարենորոգչական ծրագրին։ Այդ գործընթացներից հետո հարաբերություն չի եղել եպիսկոպոսների հետ և նաև այ եկեղեցականների հետ, որոնք նույնպես միացել են այդ շարժմանը։ Մենք, անշուշտ, տարբեր առիթներով, մեր խոսքերում, մեր հրապարակումներում, մեր ուղերձներում հնչեցրել ենք հրավեր կանոնական դաշտ վերադառնալու։ Կհուսանք, որ ականջալուր կլինեն, կանդրադառնան և կվերադառնան Մայր եկեղեցու գիրքը։
Բնականաբար, իրենց այս գործողությունը քննության առարկա պիտի լինի, պիտի առիթ տրվի, որպեսզի իրենք ներկայացնեն բացատրություն իրենց գործողության առնչությամբ, որից հետո համապատասխան որոշում կկայացվի»։