Իսկ եթե լրտեսը հենց դո՞ւ ես․ Զուրաբյանը՝ Փաշինյանի նոր Սահմանադրության վտանգների մասին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը քննադատում է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ մասնավորապես քաղաքացիությունից զրկելու հնարավորության և դատական իշխանության անկախության մասին նրա հիմնավորումները։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, խոսելով նոր Սահմանադրությամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին, որպես կամայական որոշումներից պաշտպանվելու երաշխիք մատնանշել էր անկախ դատական իշխանությունը։

Զուրաբյանի գնահատմամբ՝ այդ հիմնավորումը համոզիչ չէ, քանի որ հենց առաջարկվող սահմանադրական կարգավորումներն են վտանգում դատական համակարգի անկախությունը։ Նրա խոսքով՝ դատավորների պաշտոնավարման և նշանակման նախատեսվող մեխանիզմները կարող են դատական իշխանությունը կախվածության մեջ դնել իշխող մեծամասնությունից։

«Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պրոյեկտը հենց ոչնչացնում է անկախ դատական իշխանությունը, որովհետև նախատեսում է ինչ-որ մի ընթացք, որում բոլորը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և, ըստ էության, դատավորների նշանակումն ամբողջությամբ դառնում է իշխող մեծամասնության հայեցողության հարց»,- ABC Media-ի հետ զրույցում նշեց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը կարող է դառնալ նաև քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Նա կասկածի տակ է դնում այն մոտեցումը, թե նման մեխանիզմը պետք է ծառայի պետության անվտանգությանը՝ հարց բարձրացնելով, թե ով է որոշելու՝ ով է լրտեսը։

«Բայց էստեղ հարց է ծագում՝ իսկ եթե լրտեսը հենց դո՞ւ ես»,- հարցադրում է անում Զուրաբյանը՝ զգուշացնելով, որ նման լիազորությունը կարող է վտանգավոր գործիք դառնալ իշխանության ձեռքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *