Իսպանիայի նավահանգստային իշխանությունները երեքշաբթի հայտնել են, որ մայիսին երկրի ափամերձ գոտու մեծ մասում գրանցվել են ծովի ջրի ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։
Գերատեսչության տվյալներով՝ 15 խորջրյա լողաններից 12-ը գրանցել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում մայիսյան ամենաբարձր ջերմաստիճանները։ Ափամերձ բոյերի շրջանում ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել 14 կետերից 6-ում։
Իսպանացի օդերևութաբան Ռուբեն դել Կամպոն, որը AEMET պետական օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչն է, հայտարարել է, որ այդ երևույթի պատճառը մարդածին կլիմայական փոփոխություններն են։
«Վերջին տասնամյակի ընթացքում եղել է ընդամենը յոթ ռեկորդային ցուրտ օր, մինչդեռ մենք ականատես ենք եղել 221 ռեկորդային շոգ օրվա»,- նշել է նա՝ հավելելով, որ դա արտացոլում է գլոբալ միջին ջերմաստիճանի կայուն աճը։
Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ մայիսին ծովի ռեկորդային ջերմաստիճանները կապված չեն Էլ Նինյո երևույթի հետ, որն, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, կարող է սկսել ձևավորվել Խաղաղ օվկիանոսում առաջիկա ամիսներին՝ իր գագաթնակետին հասնելով հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։