Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում աշխատանքները

Հունիսի 1-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարի տեղակալ Գինտարաս Ալեքսանդրավիչյուսին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳ նախարարությունը։ 

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջին տարիներին իրականացված համատեղ աշխատանքների նշանակությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև սույն թվականի մայիսի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին, որն առավել ամուր հիմք է ստեղծում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման համար, այդ թվում՝ ներքին գործերի ոլորտում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 1-ից Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Լիտվայի Հանրապետության գործընկերությամբ մեկնարկելիք նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները։ Նշվել է, որ ծրագիրը կարևոր դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցելու գործում՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ուղղություններով։ 

Անդրադառնալով ծրագրի առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է հատկապես կրթական բաղադրիչը՝ սահմանների կառավարման ոլորտի զարգացման համատեքստում։ Նրա խոսքով՝ ՆԳՆ կրթահամալիրում ոստիկանների և փրկարարների պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին զուգահեռ նախատեսվում է ձևավորել նաև սահմանապահների մասնագիտական կրթության նոր ուղղություն՝ հիմնված միջազգային առաջատար փորձի և ժամանակակից կրթական մեթոդների վրա։ Արմեն Ղազարյանի գնահատմամբ՝ սա Հայաստանի կողմից սահմանների համալիր կառավարման համակարգի ձևավորման կարևոր քայլերից է, որը համահունչ է եվրոպական և միջազգային լավագույն փորձին։ 

Փաստաթղթերի անվտանգության ոլորտում քննարկվել են իրավական և տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իսկ իրավապահ մարմինների բարեփոխումների համատեքստում անդրադարձ է կատարվել հատկապես քրեական ոստիկանության կարողությունների ամրապնդմանը՝ տեխնիկական և մեթոդաբանական աջակցության հնարավոր ուղղություններով։ 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման իրենց հանձնառությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի շրջանակում փորձի փոխանակումն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Լիտվական կողմը ևս վերահաստատել է Հայաստանի հետ ընթացիկ և ապագա նախաձեռնություններում ակտիվ ներգրավվածություն ապահովելու իր պատրաստակամությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *