Ղազախական ուսանելի փորձը – Հրապարակ

Քանի որ ներկայում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ վիճակի, Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի կոշտացման ու դրա հնարավոր հետեւանքների մասին, ներկայացնենք հետսովետական տարածքի երկրներից մեկի արտաքին քաղաքականության յուրահատկությունը, որը կարծում ենք ուսանելի կլինի Հայաստանի համար։ Խոսքը Ղազախստանի մասին է։

Շատ փորձագետներ նշում են, որ ներկայում Ղազախստանը փորձում է իր համար հենարաններ ստեղծել Չինաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Սակայն նաեւ չի խզում կապերը Ռուսաստանի հետ, ընդհակառակը՝ ավելի է ամրացնում։
Ռուս քաղաքագետ Կոնստանտին Կալաչեւը նշում է, որ Ռուսաստանը Ղազախստանի համար արտաքին առեւտրային շրջանառության 1/3-ն է, հիմնական ներդրողներից մեկը, դրա համար էլ Ղազախստանը, անկախ այն հանգամանքից, որ փորձում է իր արտաքին քաղաքականությունը, այսպես ասած, ռազմավարական բալանսավորման բերել, երբեք չի հրաժարվում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունից։

Կալաչեւը նշել է, որ Ռուսաստանը ֆինանսավորում է Ալմաթիի մարզում ԱԷԿ-ի կառուցումը։ Բացի այդ, ռուսական ապրանքները լիարժեք տեղավորված են ղազախական սպառողական զամբյուղում, երկրում էլ ռուսերենի իմացության խնդիր չկա, եւ ռուսերենն առօրյա շփման լեզու է այդ երկրի բնակչության ստվար հատվածի համար։

Պաշտոնական Աստանան բավական խելամիտ է պահում իրեն թե՛ ՀԱՊԿ-ում եւ թե՛ ԵԱՏՄ-ում, իսկ ԱՊՀ պարագայում հանդես է գալիս որպես այդ ֆորմատի վերածննդի հեղինակ։ Ուշագրավ է այն, որ այսօրվա Ղազախստանն էլ, այդ երկրի գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի գաղափարների հիման վրա, վերաֆորմատավորվում է՝ ձեռք բերելով նոր ինքնություն եւ նոր Սահմանադրություն։ Ձեւավորվում է նոր պառլամենտ՝ կենտրոնաձիգ վերահսկողական գործիքակազմով, հրաժարվում են քաղաքականության մեջ կլանային համակարգից։

Քաղաքագետ Քամրան Հասանովի կարծիքով՝ Ղազախստանն այժմ առաջ է մղում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ համագործակցելով թե՛ Չինաստանի, թե՛ ԵՄ-ի եւ թե՛ Միացյալ Նահանգների հետ։ Զուգահեռաբար, խորը գործակցություն կա նաեւ Թուրքիայի եւ, առհասարակ՝ թյուրքական աշխարհի հետ։ «Այդ ամենով հանդերձ,- ըստ Հասանովի,- Աստանայում չեն մոռանում, որ Ռուսաստանը գլխավոր տնտեսական գործընկերն է, եւ հաշվի են նստում դրա հետ՝ արտաքին քաղաքականության ձեւակերպման հարցում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *