Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների բացասական հետևանքների պատճառով մինչև 3,1% է իջեցրել այն երկրների տնտեսական աճի կանխատեսումը, որտեղ իրականացնում է ներդրումային ծրագրեր։
Ինչպես նշվում է բանկի զեկույցում, 2026 թվականին տնտեսական աճը 0,5 տոկոսային կետով (տ.կ.) պակաս կլինի, քան կանխատեսվում էր նախորդ զեկույցում։ Այն հրապարակվել էր փետրվարի 26-ին՝ Իսլամական Հանրապետությանը հասցված հարվածների մեկնարկից ընդամենը երկու օր առաջ։ 2027 թվականի աճի կանխատեսումը նվազեցվել է 0,1 տոկոսային կետով՝ կազմելով 3,6%։
«Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է էներգակիրների գների աճի և մատակարարման շղթաների խափանումների, 2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են։ Ըստ գնահատականների՝ տնտեսական աճը տարեկան կտրվածքով կազմել է 2,9%։ Վերջին տվյալները վկայում են ՎԶԵԲ-ի գործառնական տարածաշրջանների մի շարք խոշոր տնտեսություններում սպասվածից ավելի թույլ ցուցանիշների մասին, ներառյալ՝ Եգիպտոսը, Ղազախստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան։ Ակնկալվում է, որ ՎԶԵԲ տարածաշրջաններում աճը 2025 թվականի 3,4%-ից կդանդաղի մինչև 3,1%՝ 2026 թվականին, իսկ 2027 թվականին կբարձրանա մինչև 3,6%։ Սա նշանակում է 0,5 և 0,1 տոկոսային կետով անկում՝ 2026 թվականի փետրվարի սպասումների համեմատ», – ասված է զեկույցում։
Լոնդոնում կենտրոնակայան ունեցող բանկում նշել են, որ հակամարտության սրումը, հանգեցնելով նավթի և գազի գների բարձրացմանը, մեծացրել է ԱՄՆ-ում և Եվրոպայում գազի գների միջև առկա տարբերությունը, որը «գերազանցել է հնգապատիկ ցուցանիշը՝ բացասաբար անդրադառնալով եվրոպական տնտեսության մրցունակության վրա»։
Զեկույցում, համաձայն ավանդույթի, ներկայացվում է իրավիճակի վերլուծությունն ըստ տարածաշրջանների և երկրների։ 2026 թվականի կանխատեսման ամենակտրուկ նվազումը գրանցվել է Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանի երկրներում (Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Լիբանան, Մարոկկո և Թունիս)՝ 1,7 տոկոսային կետով (տ.կ.)՝ մինչև 2,5%: 2027 թվականին այստեղ ՀՆԱ-ի միջին աճը պետք է կազմի 4,2%:
Հաջորդը Հարավարևելյան Եվրոպան է (Բուլղարիա, Ռումինիա)։ Այստեղ աճի միջին տեմպերը 2026 թվականին կկազմեն 0,5%, իսկ 2027 թվականին՝ 2%։ Խոսքը կանխատեսման նվազեցման մասին է համապատասխանաբար 1 և 0,3 տ.կ.-ով։
Աֆրիկայի Մերձսահարյան տարածաշրջանի վեց երկրներում (Բենին, Գանա, Քենիա, Կոտ դ’Իվուար, Նիգերիա, Սենեգալ) ՀՆԱ-ի աճն այս տարի պետք է նվազի 0,3 տ.կ.-ով՝ հասնելով 4,7%-ի, իսկ 2027 թվականին՝ 0,1 տ.կ.-ով՝ հասնելով 4,8%-ի։
Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) աճի կանխատեսումը նվազեցվել է 0,1%-ով՝ մինչև 2,8%, իսկ 2027 թվականի գնահատականը մնացել է անփոփոխ՝ 3,9%: Ցուցանիշների ամենանշանակալի անկումը սպասվում է Ուկրաինայում (այս տարի 0,3 տ.կ.-ով՝ մինչև 2,2%) և Մոլդովայում (0,2 տ.կ.-ով՝ մինչև 2,8%):
Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրներում (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Սլովենիա և Խորվաթիա) ՀՆԱ-ի աճը 2026 թվականին պետք է կազմի 2,8% (մինուս 0,1 տ.կ.), իսկ 2027 թվականին՝ 2,5% (մինուս 0,2 տ.կ.)։
ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ Արևմտյան Բալկաններում (Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա, Սերբիա, Չեռնոգորիա, ինչպես նաև չճանաչված Կոսովո) ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կնվազի 0,2 տ.կ.-ով՝ հասնելով 2,9%-ի։ 2027 թվականի կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 3,5%։
Միակ տարածաշրջանը, որտեղ տնտեսական աճի տեմպերի սպասումները մնացել են անփոփոխ, Կենտրոնական Ասիան է (Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան)՝ 5,6%՝ 2026 թվականին և 5,3%՝ 2027 թվականին։
Թուրքիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը երկու դեպքում էլ նվազեցվել է 0,5%-ով՝ 2026 թվականի համար կազմելով 3,5%, իսկ 2027 թվականի համար՝ 4%։
Բելառուսի տնտեսական աճն ընթացիկ տարվա արդյունքներով պետք է 0,2 տ.կ.-ով պակաս լինի փետրվարյան սպասումներից և կազմի 1,1%։ 2027 թվականին աճը կանխատեսվում է նույն՝ 1,5% մակարդակում։