
Ուկրաինայի բանակի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին (Մադյար) հրապարակել է ռուսական «Բոյկի» կորվետի (հետախուզական թեթև ռազմանավ ոչնչացման կադրերը Լենինգրադի մարզի Կրոնշտադտի ռազմածովային բազայի նավահանգստում (Ուկրաինայից 1100 կմ հեռավորության վրա):
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ մարզերում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գիշերային հարձակման արդյունքում մի քանի կարևոր թիրախների ոչնչացման մասին:
«Մեր հեռահար հարվածներից լավ արդյունքներ կան։ Անցած գիշեր Ռուսաստանում կարևոր թիրախներ են ոչնչացվել։ Դրանց թվում է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալը։ Մեր ուկրաինական պետական սահմանից մինչև այս ռուսական նավթարդյունաբերական օբյեկտը, որը սնուցում է պատերազմական ջանքերը, հեռավորությունը մոտավորապես 1100 կիլոմետր է։ Հարվածվել են նաև Կրոնշտադտի ավիաբազայում գտնվող զուտ ռազմական թիրախներին։
Մեկ այլ թիրախ էր Տամբովի մարզում գտնվող օբյեկտը, որը զբաղվում է ռուսական զենքի արտադրությամբ։ Առաջնագծից հեռավորությունը գրեթե 600 կիլոմետր է», – սոցցանցերում գրել է Զելենսկին։
Բացի այդ, ռուսական Telegram ալիքների բաժանորդների բողոքների համաձայն՝ Սանկտ Պետերբուրգում բջջային ինտերնետը անջատված է հարձակման պատճառով։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը իր սոցհարթակներում հրապարակել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին տեղեկատվություն։
Հաղորդագրությունում նշվում է, որ հունիսի 3-ի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրոնշտադտի, Կիրովսկիի և Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտների վրա՝ «վնասելով մի քանի օբյեկտներ»։
Բեգլովի խոսքով՝ մի քանի մարդ վիրավորվել է, բայց զոհեր չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները զբաղվում են հարձակման հետևանքների վերացմամբ։
Հատկանշական է, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում այսօր մեկնարկում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը, որին մասնակցում են աշխարհի մի քանի տասնյակ երկրների պաշտոնյաններ, քաղաքական, գործարար ոլորտի և այլ գործիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Միջոցառմանն ավանդաբար կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։