Թրամփը չի բացառել, որ Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը կարող է ձգվել մինչև սեպտեմբեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա, սակայն չի բացառել նաև գործընթացի ձգձգումը։ Այդ դեպքում Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան շրջափակումը կարող է տևել ևս մի քանի ամիս։

«Նա նշել է, որ հնարավոր է համարում ամերիկյան ռազմածովային շրջափակման պահպանումը ընդհուպ մինչև Աշխատանքի օրը՝ սեպտեմբերի 7-ը»,- ասված է The New York Post պարբերականի հոդվածում, որի լրագրողը հարցազրույց է վերցրել Թրամփից։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ այս սցենարն, ամեն դեպքում, քիչ հավանական է համարում։ «Չգիտեմ։ Կարծում եմ՝ դա հնարավոր է (շրջափակման շարունակումը մինչև սեպտեմբեր)։ Բայց դա քիչ հավանական է։ Իմ կարծիքով՝ մենք բոլոր խնդիրները կլուծենք, ընդ որում՝ բավականին արագ կերպով»,- հարցազրույցում հայտարարել է նա։

Թրամփը նաև լավատեսորեն է արտահայտվել Իրանի հետ ընթացող բանակցությունների մասին՝ նշելով, որ իրավիճակը «արագորեն է զարգանում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *