
Նախկինների օրոք գեներալ, Նիկոլի օրոք ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հերթական «առողջ» մտքերն է հայտնել «Հրապարակ»-ի լրագրողի հետ զրույցում: Հերթական անգամ սխալ է հանել Ռուսաստանը: Ու հերթական անգամ դեպի Ռուսաստան գյուղմթերքի արտահանման քաղաքական խնդրի լուծում է առաջարկել: Այն է՝ «Մեր մոտ ծիրանը կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք», ու, բնականաբար, հարբեցողությամբ կզբաղվեն: Հենց այսպիսին է լինում իսկական նիկոլական «հայրենասերը», որը, իր խելքով, մտածում է երկրի բնակիչների մասին, որոնք էժան գնով ծիրան կառնեն ու, հնարավորության դեպքում, օղի կարտադրեն: Սա խիստ բնական է, որովհետեւ, եթե իր առաջնորդը խոզի խորոված է սիրում, ապա ի՜նչ խորոված առանց արաղի: Դե, իսկ ծիրան աճեցնողի հերն էլ անիծած: Եվ այս մարդը գեներալ է, խորհրդարանի պատգամավոր…
Բայց այնպես չէ, որ ՔՊ-ական շրջանակի մյուս դեմքերը նրանից ինչ-որ բանով տարբերվում են: Որպեսզի տարբերվեին, անհրաժեշտ էր ունենալ այնպիսի առաջնորդ, որ օրինակ կծառայեր իրենց, ու, ասենք, գեներալի նման արաղասեր անձինք բացառություն կլինեին: Բայց քանի որ իրենց առաջնորդը Նիկոլն է, դրա մասին ավելի լավ է մոռանանք: Մի անձ, որը մի դեպքում հայտարարում է, որ իրենք կամ, ավելի ճիշտ՝ ինքը (քանի որ կառավարությունն ինքն է) սառեցրել է Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ին, չնայած ՀԱՊԿ-ի կանոնադրությունում առկա չէ անդամակցության կասեցման որեւէ դրույթ: Մեկ այլ դեպքում էլ հայտարարում է, թե Ռուսաստանը հիմքեր չունի գազը թանկացնելու, քանի որ կա գործող պայմանագիր։ Բայց եթե դու խախտում ես կանոնադրությունը, այսինքն՝ այն պայմանագիրը, որով դարձել ես որեւէ կառույցի անդամ, ապա ինչո՞ւ չի կարող մեկ այլ պայմանագրում մյուս կողմն ընդամենը չեղարկել այն: Ենթադրում եմ, որ երկրորդ պնդումն անելու պահին մոռացել էր, թե ինչ էր ասում նախկինում ՀԱՊԿ-ի առումով, եթե, իհարկե, գիտակցում է վերն ասվածը:
Շարունակենք: ՌԴ-ի հետ իր՝ որպես կառավարության, հարաբերությունները փչացնելը համարում է դրական երեւույթ, ինչն իր առումով եւս նորմալ է․ հիշենք պարտությամբ հպարտանալու մասին իր հայտարարությունը: «Այդ հարաբերությունները բաց են, անկեղծ, ոչ մի մութ անկյուն չկա»,- ասում է նա: Այսինքն, ԵԱՏՄ-ում ակտիվ գործելու ու այդ կառույցի ընձեռած հնարավորություններից օգտվելու հետ մեկտեղ Եվրամիության անդամ դառնալու գործընթացը (հիշենք համապատասխան օրենքը), փաստորեն, խոսում է անկեղծ լինելու մտադրության մասին: Հետաքրքիր է, գյուղմթերքի արտահանման կասեցման հետեւանքով դրա փչանալու առումով փող տվող Նիկոլը եվրոպական որ առեւտրական ցանցերի հետ է պայմանավորվելու, որպեսզի ՌԴ գնացող՝ երկու ամսից հասունացող դեղձը, ասենք, փոխանցի նրանց: Թե՞ այդ դեղձի համար եւս ինքը փող է տալու գյուղացիներին: Թեեւ, ի տարբերություն ելակ եւ ջերմոցներում լոլիկ, ծաղիկ (եւ այլն) աճեցնող մի քանի հազար ֆերմերների, դեղձի սեզոնի դեպքում ինքը գործ է ունենալու տասնյակ հազարավոր շարքային գյուղացիների հետ: Թե ինչպես է նրանց եւս փող տալու՝ վստահաբար չգիտի թե՛ ինքը եւ թե՛ իրեն հովանավորող Եվրամիության չինովնիկները:
Հաշվի առնելով, որ տվյալ հոդվածում շոշափվեց ՀՀ-ՌԴ պետական հարաբերությունների տրանսֆորմացիոն բնույթը, չեմ կարող աչքաթող անել մարդկային հարաբերությունների առումով ՔՊ-ականներին բնորոշ վարքագիծը: Եվ այսպես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հարությունյան Արայիկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանի՝ 2018-ի նախընտրական հարցազրույցից մի հատված: Աննան, որպես այն ժամանակ «Ելք»-ի պատգամավորության թեկնածու, ասում է, թե Արցախը դադարել է բանակցային կողմ լինելուց Ռոբերտ Քոչարյանի օրոք: Չբավարարվելով դրանով՝ տիկնոջը վիրավորում է «քըխ» ձայնարկությամբ: Ոնց հասկանում եմ, վերը նշված անձը, բուհ ավարտած լինելով հանդերձ, տեղյակ չէ այս արտահայտությանը՝ «Իսկ ովքե՞ր են դատավորները»: Որովհետեւ, եթե տեղյակ լիներ, կիմանար, որ իրեն պաշտոնի նշանակողն իր այսօրվա մտածողությամբ, եթե կիրառենք նույն տրամաբանությունը նրա հանդեպ, բազմիցս է արժանի «քըխ»-ի: Կարծում եմ, որ ընդամենը մեկ օրինակը՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»-ը, բավարար է դա հաստատելու համար: Վերջինս էլ, որպեսզի արդարացնի իր, թեեւ ուրիշի հասցեին ասված «քըխ» լինելը, անընդհատ ասում է, թե այն ժամանակ չէր գիտակցում, սխալվել էր: Եվ եթե 2018-ին Աննան 30 տարեկան էլ չկար ու կարող էր ընկնել մանիպուլյատոր Նիկոլի ազդեցության ներքո, ապա իր առաջնորդն իբրեւ թե սխալվելիս 44-45 տարեկան հասուն անձնավորություն էր եւ փորձառու քաղաքական գործիչ: Ինչպես երեւում է, այդ հանգամանքը չգիտակցող անձը դրդում է մարդկանց, որպեսզի վերջիններս համոզվեն, որ իզուր չէր իր անվան հետ համացանցում ասոցացվում ինչ-որ բանջարեղենի նկար:
ՀԳ. Ի դեպ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձին վաղուց եմ ճանաչում: Եղել ենք ՀԿ-ական գործընկերներ, բայց ինքն այն մարդը չէր, որի հետ ընկերություն անելու ցանկություն կառաջանար: