Քարոզարշավը մի քանի օրից կավարտվի, և այս ամբողջ ընթացքում հանրությանը փորձել ենք հիմնական երկու ուղերձ փոխանցել․ «Հրազդանում» նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, խորհրդարանի համանուն խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Առաջինն այն է, թե որքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ ժողովրդի ու մեր պետականության համար։ Երկրորդ ուղերձը՝ մշտապես խոսել ենք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներից ու նախանշել դրանց լուծման ուղիներն»,- նշեց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջին անգամ ընտրվելուց հետո կորցրեցինք Արցախի մի մասը, երկրորդ ընտրությունից հետո՝ Հայաստանից տարածքներ։
«Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի երրորդ անգամ, ապա Հայաստանից կտոր-կտոր, անկլավների տեսքով կամ, չգիտեմ, ինչ տեսքով-ձևով, նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին՝ մեր պետության կենսագործությունը դնելով հարցականի տակ»,- մանրամասնեց պատգամավորը։
Դառնալով Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչ Գևորգ Պապոյանի հայտարարությանը, թե պետությունը սուբսիդավորելու է պտուղ-բանջարեղենը ՌԴ արտահանել չկարողացող տնտեսվարողներին, ընդդիմադիր գործիչը շեշտեց․ «Ո՞ւմ միջոցներով ես սուբսիադավորելու, հորդ տնի՞ց ես բերելու էդ միջոցերը։ Իրենց հերթական հիմարության (սուբսիդավորման- խմբգ․) համար նորից դո՛ւք եք վճարելու, ժողովուրդ ջան»։