Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

Ադրբեջանին պետք չէ բանակ, պետք չէ ռազմական ռազմավարություն. նրա ամենահզոր զենքը Հայաստանի գլխին գտնվող Նիկոլ Փաշինյանն է: Հրազդանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հիշեցնելով վերջերս տեղի ունեցած բանավեճը, որի ժամանակ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր, թե Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին է հանձնվել հայկական կողմի նախաձեռնությամբ, պատգամավորն արձանագրել է, որ այսուհետ ցանկացած զիջում իշխանությունները հայտարարելու են «մեր կամքով», նույն կերպ վարվելու են Սահմանադրության, Տիգրանաշենի և մնացած ամեն ինչի հետ։

«Մենք պետք է չեզոքացնենք այդ զենքը հունիսի 7-ի ընտրություններում»,- հայտարարել է պատգամավորը։

«Իշխանությունները խոսում են խաղաղության մասին։ Տեսե՞լ եք այն կադրերը, երբ Նիկոլը փորձում է երկինք բաց թողնել աղավնուն։ Շատ խորհրդանշական է։ Ճիշտ այդպիսի խաղաղություն է Փաշինյանը բերում Հայաստանին։ Նրանք խոսում են «եռագլուխ վիշապի» մասին։ Ալիև-Էրդողան-Նիկոլ Փաշինյան՝ սա է միակ եռագլուխ սուբյեկտը։ Ալիևին ու Էրդողանին հեռացնել չենք կարող, բայց այդ գլուխներից մեկին հաստատ կարող ենք հեռացնել քաղաքականությունից»,- ընդգծել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *