
Այսօր մի շարք ոչ իշխանական լրատվամիջոցներ` էլեկտրոնային հասցեներով մեծ թվով նամակ-սպառնալիքներ են ստացել` անհայտ օգտահաշիվներից: Նամակները գրվել են եւ լատինատառ, և հայատառ, անգրագետ հայերենով, մեծ թվով տառասխալներով, ինչը հատուկ է իշխանական ֆեյքերին:
Մենք տեղեկացանք, որ «Հրապարակ»-ից բացի նման սպառնալիքներ ստացել է նաև Antifake.am-ը, Pastinfo-ն, 24news.am-ը և այլ լրատվամիջոցներ: Սպառնալիքներում ասվում է, որ եթե ՔՊ-ին չքվեարկենք, ապա կսպանեն, մեր ընտանիքի անդամներին կտոր-կտոր կանեն, կմորթեն, այնպես կանեն, որ մահվան մասին երազենք եւ այլն:
Ակնհայտ է, որ այս ամենի ետևում կանգնած է իշխանությունը կամ իշխանամետ տգետ մի շրջանակ, որին թվում է, թե սա կարող է ընտրություններից 3 օր առաջ ազդեցություն ունենալ: Առնվազն տարակուսելի, եթե չասենք ծիծաղելի, որ նման ճանապարհով հույս ունեն ներազդել ամեն թոհ ու բոհի միջով անցած լրագրողների ու լրատվամիջոցների վրա: Սակայն չենք բացառում, որ ինչ որ անհտ անձանց վրա սա ազդեցությու թողնի: Ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին զբաղվել այս նամակներով` կամ կիբերհանցագործությունների շրջանակներում, կամ ընտրողների վրա ապօրինի ճնշումների հոդվածների տեսանկյունից: Գտնել ու պատժել իշխանության օգտին նման քարոզչություն անողներին: