Այս պատերազմում Իրանի և Լիբանանի ճակատագիրը մեկ է, հրադադարը պետք է տարածվի երկու պետությունների վրա էլ. Աբբաս Արաղչի

Իրանի և Լիբանանի համար պատերազմի դադարեցումը փոխկապակցված է, և այս հակամարտությունում երկու երկրների ճակատագիրը մեկ է։ Դրա մասին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ էր պատասխան հարված հասցնել, եթե Իսրայելն իրականացներ իր սպառնալիքները և լայնածավալ ագրեսիա սանձազերծեր Բեյրութի հարավային (Դահիա) արվարձանի դեմ։

«Կա՛մ պատերազմը կդադարի և՛ Իրանում, և՛ Լիբանանում, կա՛մ այն չի դադարի երկրներից ոչ մեկում»,- պարզաբանել է Արաղչին։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ Իրանի պատերազմի ելքն անբաժանելի է Լիբանանում մղվող ճակատամարտի ելքից, իսկ հրադադարի ռեժիմը պետք է ընդգրկի Դիմադրության բացարձակապես բոլոր ճակատները։

Արաղչին նշել է նաև, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցի ընթացքում ինքն անձամբ է պնդել, որպեսզի «Լիբանան» բառն առանձին արձանագրվի պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի տեքստում։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցման պայմանն առանցքային կետն է Վաշինգտոնի հետ ընթացող ներկայիս բանակցություններում՝ Փոխըմբռնման հուշագրի (MOU) մշակման շուրջ։

Խոսելով բուն բանակցային գործընթացի մասին՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ ուղերձների փոխանակումը շարունակվում է, սակայն վերջին օրերին առաջընթաց չի նկատվում. երկու կողմերն էլ դեռևս ուսումնասիրում են փոխանցված տեքստերը և աշխատում վերջնական ձևակերպման վրա։

Անդրադառնալով ԱՄՆ դիրքորոշմանը՝ նախարարն ընդգծել է, որ պատերազմի 40 օրերը Վաշինգտոնին ակնառու կերպով ցույց տվեցին Իրանի իրական ուժը, թեև նախկինում ամերիկյան կողմը սխալմամբ այն համարում էր «թույլ» պետություն։

Նա նշելէ, որ ամերիկացիներն սկզբում առաջադրում էին «անիրատեսական պահանջներ», մասնավորապես «ռեժիմի տապալումը» կամ «անվերապահ կապիտուլյացիան»։ Սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն էր. «Իրանցի ժողովուրդը զանգվածաբար դուրս եկավ փողոց՝ ի պաշտպանություն Իսլամական Հանրապետության համակարգի և ընդդեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի։ Արդյունքում ամերիկացիներն ստիպված եղան իրենք խնդրել բանակցությունների մասին»։

Բացատրելով Լիբանանի և Իրանի ճակատագրերի միջև կապը՝ Արաղչին նշել է, որ այդ կապն ստեղծել է հենց ինքը՝ Իսրայելը՝ լիբանանցի ժողովրդի դեմ իր չդադարող հանցագործություններով։

Նախարարն ընդգծել է, որ «Հըզբոլլահը» լիբանանյան քաղաքական ու հասարակական իրականության անբաժանելի մասն է, և հավելել, որ Թեհրանը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին. պատերազմի ավարտի համաժամանակությունը պայմանավորված է բացառապես նրանով, որ Իսրայելն այն պարտադրել է երկու պետություններին էլ։

Արաղչին հաստատակամորեն հայտարարել է, որ պատերազմի ավարտը պետք է ուղեկցվի օկուպացված լիբանանյան տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերմամբ, Լիբանանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչը հնարավորություն կտա սկսել երկրի վերականգնման փուլը։

Նա նշել է, որ մի շարք պետություններ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Լիբանանի վերականգնմանը։ Միևնույն ժամանակ նախարարը քննադատել է միջազգային կառույցներին իրենց պասիվության և իսրայելական ագրեսիան դատապարտելու անցանկության համար՝ հավաստիացնելով, որ Իրանն իր ուղղակի ներդրումը կունենա Լիբանանին աջակցելու և ավերածությունների հետևանքները վերացնելու գործում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է «վերադառնալ մեծ պատերազմի», Արաղչին հայտարարել է, որ եթե առողջ բանականությունը հաղթի, Թրամփը չի գնա այդ քայլին։ Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ Թեհրանը լիովին պատրաստ է շատ երկարատև հակամարտության սցենարին։ Իրանն օժտված է անհրաժեշտ ռազմական կարողությամբ և ներքին ազգային միասնությամբ՝ դառնալով «էլ ավելի ուժեղ, քան մինչև այս պատերազմի մեկնարկը»։

Եզրափակելով՝ Արաղչին ընդգծել է, որ իր երկիրը «պատերազմ չի ցանկանում», դրական է տրամադրված բանակցային գործընթացին և անկեղծորեն ցանկանում է խաղաղություն ու անվտանգություն տարածաշրջանում, սակայն բացառապես պատվի, հպարտության և արժանապատվության պահպանման պայմաններով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *