Երբ խոշոր բիզնեսը վայելում է ներդրողների անվերապահ վստահությունը, դրանից առաջին հերթին շահում է երկրի տնտեսությունն ու քաղաքացին։ Ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող և շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում իրականացրած «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունն ամփոփել է իր առաջին անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները. դրամային և դոլարային բոլոր 3 սերիաներն ամբողջությամբ իրացվել են:
«Ամերիաբանկի» միջոցով իրականացված տեղաբաշխման ընդհանուր ծրագրային ծավալը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ: Սա ոչ միայն բացառիկ ֆինանսական ցուցանիշ է քաղաքաշինության ոլորտում, այլև ապացույց, որ ընկերությունն իր գործունեությամբ նպաստում է տնտեսության ընդհանուր կայունությանը՝ հաշվի առնելով հանրային լայն շահը։
«Մեզ համար ոչ այնքան զարմանալի, որքան հաճելի է այն փաստը, որ բոլոր սերիաներն ամբողջությամբ իրացվել են՝ ընդամենը մի քանի ամսում: Սա վկայում է անվերապահ վստահության մասին և հնարավորություն է տալիս մեզ ավելի մեծ և համարձակ նախագծեր իրականացնել, – ընդգծում է Քրիստինե Չիչյանը։ – Այս հաջողությունը համատեղ աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ֆինանսական գործընկերներին և, ամենակարևորը, մեր ներդրողներին՝ այս պատմական փուլը մեզ հետ կիսելու համար»։
Պարտատոմսերով ներգրավված միջոցներն ունեն կոնկրետ նպատակ: Դրանք ուղղվում են մեր քաղաքի դեմքը փոխող մեգանախագծերի իրագործմանը։
«Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը, – նշում է «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։ – Որպես ոլորտի առաջատար՝ մենք կարևորում ենք երկրում այլընտրանքային ֆինանսական էկոհամակարգի զարգացումը։ Տեղական կապիտալի շուկան դառնում է ավելի հասուն, և «Ռենշինը» հպարտ է այս էկոհամակարգի առաջամարտիկներից լինելու համար»։
«Ռենշինից» նաև տեղեկացնում են, որ տեղաբաշխման հաջող ավարտից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ պարտատոմսերը ցուցակելու նպատակով։ Սա կրկին ընդգծում է ընկերության թափանցիկությունն ու պատրաստակամությունը՝ մշտապես մնալու բաց և հաշվետու հասարակության ու իր ներդրողների առջև։