Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի, նրա կնոջ և ևս երեք անձանց նկատմամբ` Հավանայի իշխանությունների վրա ճնշում գործադրելուն ուղղված միջոցառումների շրջանակում․ գրում է Euronews-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած հայտարարության համաձայն՝ «պատժամիջոցների ցուցակում ներառված անձինք ղեկավարում կամ ֆինանսավորում են ռեժիմը և դրա ջանքերը՝ Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում՝ իրենց արմատական հեղափոխական շարժումները մոբիլիզացնելու նպատակով»։
Հավանան անմիջապես դատապարտել է ԱՄՆ-ի այս քայլը։
«Այս քաղաքական կուրությունը վերջին շաբաթներին մեր երկրի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցների ևս մի դրսևորում է, որը նպատակ ունի վնաս հասցնել Կուբայի ժողովրդին»,- ասել է նախագահ Միգելը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Հավանայի միջև լարվածությունը սրվել է վերջին ամիսներին, երբ ամերիկյան զորքերը ռազմական գործողության միջոցով տապալեցին Կուբայի դաշնակից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ապա էներգետիկ շրջափակում սահմանեցին արդեն իսկ տնտեսապես դժվարին վիճակում գտնվող կղզու նկատմամբ։ Իսկ այս տարվա հունվարի վերջին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որը մաքսատուրքեր սահմանեց Կուբային նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ԱՄՆ ներկրվող ցանկացած ապրանքի համար։ Վենեսուելայի գործողությունից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա՝ նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։