

Հունիսի 5-ին աշխարհում նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։ 2026 թվականին օրը նշվում է «Կլիմայական գործողությունների գլոբալ կոչով», «Հիմա՝ հանուն կլիմայի» կարգախոսով։ Այս օրը նաև նշվում է Բնապահպանի օրը։
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրն (UNEP) օրվա կապակցությամբ հայտարարում է գլոբալ արշավ։ «Մոլորակը չի վիճում։ Այն չի բանակցում։ Այն ազդանշաններ է ուղարկում՝ ծովի մակարդակի բարձրացում, մոլեգնող անտառային հրդեհներ, ջերմային ալիքներ, հալվող սառցադաշտեր։ Մենք ասել էինք, որ 1․5 աստիճանը սահմանն է։ Մենք արդեն անցնում ենք այդ սահմանը», – նշում է UNEP-ը։
Կլիմայի փոփոխությունն ապագայի սպառնալիք չէ․ այն արդեն իսկ փոխում է մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում։
«Գլոբալ տաքացումը մինչև 1․5 աստիճանի սահմաններում պահելու համար անհրաժեշտ է մինչև 2030 թվականը կիսով չափ կրճատել ջերմոցային գազերի տարեկան արտանետումները։ Եթե գործողություններ չձեռնարկվեն, ապա առաջիկա տասնամյակում անվտանգ նորմերը գերազանցող օդի աղտոտվածության մակարդակը կաճի 50%-ով, իսկ ջրային էկոհամակարգեր թափանցող պլաստիկ թափոնների ծավալը մինչև 2040 թվականը կեռապատկվի։
2026 թվականի Շրջակա միջավայրի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ դեռ ժամանակ կա իրավիճակը փոխելու։ Երկիրը մեզ ազդանշաններ է ուղարկում։ Հարցն այն է, թե մենք ինչ պատասխան կտանք դրանց։
Մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են անհապաղ և վճռական գործողություններ», – նշում է UNEP-ը։
Հայաստանի համար կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը ջերմաստիճանը կբարձրանա 2․8 աստիճանով։ Ջերմաստիճանի աճին զուգահեռ մինչև դարի վերջ տեղումների քանակը կարող է նվազել մինչև 8․3%-ով։ Եթե համաշխարհային մակարդակում չկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները, ապա մինչև 2100 թվականը Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 5 աստիճանով։
Հունիս 05, 2026 at 15:09