Փաշինյանը բացահայտ վախկոտ է, ինչը փորձում է կոմպենսացնել ապօրինի կալանավորումներով․ փաստաբան

Փորձեմ ինձ համար հարազատ մարդկանց ու բոլոր նրանց, ովքեր հարկ կհամարեն խոսքս լսել, շատ մատչելի կերպով բացատրել, որ մեզ չի սազում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա որպես մեր հայրենիքի ղեկավար։ Խնդրում եմ ուշադիր հետևեք նրա գործողություններին, վարքագծին. Փաշինյանը հոգեպես անկայուն մարդ է, շանտաժիստ, որկրամոլ, ունի հախուռն, առանձին դեպքերում գուցե հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման հասնող վարքագիծ (դրան ավելի հստակ կպատասխանեն մասնագետները), նա ոչ արտաքուստ ու ոչ էլ անձնային հատկանիշներով ազդեցիկ մարդ չէ՝ որքան էլ իր ճղճղոցներով, ղժղժոցներով փորձում է հակառակն ապացուցել, նա գենետիկորեն չունի այդ հատկանիշը։

Նա անսահման, ընդհուպ Պ.Սևակի հայտնի ստեղծագործության մեջ արտահայտված չափով սիրում է աթոռը, իշխանությունը, ինչի մասին տենչացել է տասնյակ տարիներ, չունի բավարար գրագիտություն ու հատկապես աշխատասիրություն, որքան էլ փորձում է ցույց տալ (ՀՀ ԶՈՒ-երի համար կարևորագույն՝ ընդամենը հարյուր էջից բաղկացած փաստաթուղթը չկարդալու վերաբերյալ ԱԺ ամբիոնից նրա հնչեցրած տարիներ առաջվա «արդարացումը» որպես նվազագույն օրինակ)։ Նա էությամբ ազատական է, ազգային, ավանդական արժեքներ չի կրում (ինչի մասին վկայող տասնյակ փաստեր կարող եք մտաբերել՝ նրա հեղինակային գրքից սկսած՝ իհարկե առանց ընտանիք մտնելու), չունի բարոյական սահմաններ, թեև ձևանում է աստվածահավատ, բայց առերևույթ աթեիստ է։

Փաշինյանը բացահայտ վախկոտ է, ինչը փորձում է կոմպենսացնել ապօրինի կալանավորումներով, անբնական հրապարակային հիստերիայով (որպես մեկ օրինակ՝ պատերազմում կործանարար պարտությունը, այդ ընթացքում նրա՝ Արցախ չգնալը, Ալիևի հայհոյանքները նրա հասցեին և այժմ նրա պահվածքը Ալիևի ներկայությամբ)։ Եվ վերջապես մարդու՝ այդ տեսակի արտահայտումը մենք արդեն տեսել ենք նրա ութնամյա կառավարման մեջ և հատկապես դրա կործանարար հետևանքներում։ Չնայած Փաշինյանն, առավելապես իր վերոնշյալ՝ սովորական, միջին վիճակագրական տղամարդուն անհարիր հատկանիշներով պայմանավորված, աճպարարության հասնող «պրոֆեսիոնալ» մոլորեցնող է, սակայն գիտակից մարդիկ շատ լավ են հասկանում, թե այս տարիներին ինչեր կորցրեցինք, ինչպես ծնկի եկանք թշնամու առջև և դեպի ուր ենք գնում։ Ու վերջում, ուսումնասիրեք աշխարհի բոլոր երկրներն անխտիր, ոչ մեկ նման ղեկավար չունի, ոչ մի հասարակություն չի հանդուրժել նմանին։ Ոչ մի հանրույթ, ոչ մի դարաշրջանում չի ընդունել մեկին, ով, հանուն աթոռի, փորձում է ծառայել հակառակորդին՝ իր ազգին «կատու» դարձնելու գնով։

Գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *