Մարդկանց երբ պարտադրում են հրապարակ լցնել, գնում ու չեն ընտրում

Այսօր ՔՊ կոչվող կառույցի, նույնն է թե՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն է։ Եվ նա ամեն ինչ անելու է, որպեսզի այդ հանրահավաքը մարդաշատ թվա։ Օգտագործվելու են պետական և վարչական բոլոր հնարավոր ռեսուրսները։ Ես հատուկ եմ ասում՝ բոլոր, որովհետև այստեղ խոսքը միայն հերթական քաղաքական միջոցառման մասին չէ։ Խոսքը Փաշինյանի քաղաքական գոյության կարևորագույն խնդրի մասին է։

Փաշինյանն իշխանության պահպանման գոյությունը երկար տարիներ պահում է ուժի պատրանք ստեղծելով։ Ոչ թե ու՜ժ, այլ ուժի պատրանք։ Քաղաքական հոգեբանության մեջ սա հայտնի երևույթ է․ եթե առաջնորդը կարողանում է հասարակությանը համոզել, որ ինքը մեծամասնության աջակցությունն ունի, ապա այդ պատկերացումն ինքնին սկսում է ազդել մարդկանց վարքագծի վրա։

Տարիներ շարունակ Փաշինյանի իշխանությունը մեծապես հենվել է տեղեկատվական դաշտի վրա։ Սոցիալական ցանցերը, համացանցային քարոզչությունը, համակարգված տեղեկատվական արշավները ստեղծել են այնպիսի միջավայր, որտեղ մարդը հաճախ ոչ թե իրական աջակցություն է տեսնում, այլ դրա ցուցադրությունը։ Երբ ամեն օր հազարավոր գրառումներ, մեկնաբանություններ ու հավանումներ են հայտնվում, հասարակության մի մասի մոտ ձևավորվում է տպավորություն, թե գործ ունի անվիճելի մեծամասնության հետ։ Մարդը հաճախ հակված է իր կարծիքը հարմարեցնել այն պատկերացմանը, թե ինչ է մտածում մեծամասնությունը։ «Եթե այսքան մարդ աջակցում է, գուցե ես եմ սխալ»՝ սա այն ներքին երկխոսությունն է, որի վրա կառուցվում են բազմաթիվ քաղաքական տեխնոլոգիաներ։ Եթե տարիներ շարունակ իշխանությունը ստեղծել է լայն աջակցության կեղծ պատկեր, ապա վաղ թե ուշ այդ պատկերը պետք է ապացուցվի իրական կյանքում։ Վիրտուալ տարածքում ցուցադրված հազարավոր աջակիցները պետք է վերածվեն հրապարակում կանգնած իրական մարդկանց։ Հենց այստեղ է, իմ կարծիքով, Փաշինյանի գլխավոր խնդիրը, որպեսզի լցնի հրապարակը։

Բայց այստեղ գործում է մեկ այլ հոգեբանական օրինաչափություն։ Մարդուն կարելի է ստիպել ներկա լինել, բայց շատ ավելի դժվար է ստիպել հավատալ։ Կարելի է ստիպել կանգնել հրապարակում, բայց անհնար է ստիպել, որ ընտրատեղամասում նա քվեարկի իր իրական համոզմունքներին հակառակ։ Քաղաքական պատմությունը բազմիցս ապացուցել է, որ վարչական ռեսուրսով հավաքված բազմությունը և ընտրական աջակցությունը նույն բանը չեն։ Երբ մարդկանց պարտադրում են հրապարակ լցնել, նրանք շատ հաճախ գնում են, բայց հետո չեն ընտրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *