Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո առաջին 100 օրվա ընթացքում Եվրամիությունում արձանագրվել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներկրման անկում, սակայն միության անդամ երկրների միջև դինամիկան զգալիորեն տարբերվում է միմյանցից, գրում է «Euronews»-ը։
Էներգետիկայի տնտեսագիտության և ֆինանսական վերլուծության ինստիտուտի (IEEFA) տվյալների համաձայն՝ 2026 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում ԵՄ-ում ՀԲԳ-ի ընդհանուր ներկրումը նվազել է 1,2%-ով։ Մեծ Բրիտանիայում անկումը կազմել է մոտ 20%, ինչն ընդհանուր առմամբ եվրոպական տարածաշրջանում ապահովել է շուրջ 3% կրճատում։
Միևնույն ժամանակ, մի շարք երկրներ ավելացրել են գնումների ծավալները։ Գերմանիան տարեկան կտրվածքով ՀԲԳ ներկրումն ավելացրել է 72%-ով, ինչը ամենամեծ աճն է ԵՄ երկրների շրջանում։ Գնումների ծավալներն ավելացրել են նաև Իտալիան ու Բելգիան։
Հիմնական մատակարարներից ԵՄ կախվածությունը պահպանվում է։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱՄՆ-ն ապահովել է ՀԲԳ ներկրման մոտ 60%-ը՝ նախորդ տարվա համեմատ ավելացնելով իր մասնաբաժինը։ Աճել են նաև Ալժիրից (+11%), Ռուսաստանից (+25%) և Նորվեգիայից (+84%) մատակարարումները, մինչդեռ Կատարից ներկրումը նվազել է։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով էներգակիրների վրա ԵՄ ծախսերն աճել են շուրջ 60 միլիարդ եվրոյով։ Ընդ որում, այս միջոցների միայն չնչին մասն է (մոտ 2 միլիարդ եվրո) ուղղվել էլեկտրականացման միջոցառումներին։
Փորձագետները նշում են, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը մասնակիորեն մեղմում է ճգնաժամի հետևանքները։ 2025 թվականին «մաքուր» էներգիայի շնորհիվ ԵՄ-ն կարողացել է կրճատել վառելիքի ներկրման ծախսերը, իսկ արևային էներգիայի արտադրությունը զգալի խնայողություն է ապահովել։
Այդուհանդերձ, մի շարք երկրներում էլեկտրաէներգիայի գները նախկինի պես կախված են գազի արժեքից։ Պատճառը շուկայի ձևավորման այն սկզբունքն է, որի դեպքում վերջնական գինը որոշվում է ամենաթանկ էներգակրի հիման վրա։
Վերլուծաբաններն ընդգծում են, որ տրանսպորտի, ջեռուցման և արդյունաբերության էլեկտրականացման տեմպերի արագացումը դիտարկվում է որպես առանցքային գործոն, որը երկարաժամկետ հեռանկարում թույլ կտա նվազեցնել ներկրվող վառելիքից Եվրոպայի կախվածությունը։