
«Այսօրվա բողոքի ակցիան վերաբերում է վերջին օրերին սոցցանցերում տեղադրված տեսանյութի, որտեղ մի անձնավորություն վիրավորական, ցավալի խոսույթ է դրսևորում արցախահայության, առանձնապես՝ մեր մայրերի, քույրերի, կանանց նկատմամբ: Հասել ենք այն աստիճանի պառակտման, որ նմանատիպ պահվածքը եթե արմատախիլ չանենք հայ ազգի մեջ, խնդիր ենք ունենալու հետագայում ընդհանուր հայ ազգի պատկանելության վերաբերյալ»,- Դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը:
Նա ընդգծել է, որ Դատախազությունն ունի բոլոր հնարավորություները՝ այդ նման մարդկանց պատժի ենթարկելու, որպեսզի վաղը նմանատիպ պահվածքը չկրկնվի: «Սրա հետևում կան ինչ-որ ուժեր ու չեմ էլ բացառում, որ դա պետական մակարդակով է արվում:
Դատախազությունից պահանջում ենք այդ մարդուն պատասխանատվության ենթարկել»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մեծահասակ տղամարդը վիրավորում էր ացախցիներին՝ ասելով. «Ղարաբաղցին էլ հայ չի․ էն կինը, որ տեղաշոր է պառկել թուրքի հետ, թուրքի լամուկներ է ծնել, միլիոն տոկոսով: Տենց կին գոյություն չունի Ղարաբաղում, որ թուրքի հետ եղած չլինի»: