Կատալոնական «Բարսելոնան» լուրջ մտադրություն ուներ ձեռք բերելու «Օսասունայի» 22-ամյա վինգեր Վիկտոր Մունյոսին, սակայն Մադրիդի «Ռեալը» փաստացի վետո է դրել այդ տրանսֆերի վրա: Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, պատճառը մադրիդյան ակումբի պայմանագրային խորամանկությունն է։
Մունյոսը ծնվել է Բարսելոնայում և հանդիսանում է «Լա Մասիայի» սան, սակայն 2017-ին հեռանալուց հետո հայտնվել էր «Ռեալի» համակարգում: Նախորդ ամռանը նա 5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Օսասունա», որտեղ այս մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Սրընթաց առաջընթացի շնորհիվ վինգերը նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականում՝ գոլ խփելով Սերբիային, և դարձել առաջիկա աշխարհի առաջնությանը մեկնող հավանական թեկնածուներից մեկը։
Ինչու՞ է «Բարսելոնան» անզոր այս իրավիճակում. բանն այն է, որ «Ռեալը» վաճառքի ժամանակ պահպանել է խաղացողին ընդամենը 8 միլիոն եվրոյով հետ գնելու իրավունքը։ Բացի այդ, չնայած Մունյոսի պարտադիր հրաժարագինը 40 միլիոն եվրո է, մադրիդցիներին է պատկանում վերավաճառքի գումարի 50 տոկոսը և առաջնահերթ գնման իրավունքը։
Փաստացի, չնայած անգլիական, իտալական ակումբների և կատալոնացիների մեծ հետաքրքրությանը, «Ռեալը» կարող է ցանկացած պահի միջամտել գործարքին: Մադրիդյան գրանդն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը՝ թույլ չտալով, որ իր գլխավոր մրցակիցն ուժեղանա։