
ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է Վարդան Ղուկասյանի փաստաբան, ԴՕԿ կուսակցության նախընտրական գլխավոր շտաբի պետ Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․ «Այս ընտրություններում հաղթեց ոչ թե ժողովրդի ազատ կամքը, այլ վարչական ռեսուրսն ու փողը։
Ներկաները գործի դրեցին պետական լծակները, նախկինները՝ փողը։ Երկուսն էլ հերթական անգամ ընտրողին դարձրին առևտրի առարկա։ Մի մասը վաճառվեց երեսուն արծաթով, մյուս մասը լռեց վախից։ Արդյունքում կրկին վերարտադրվեց նույն համակարգը, որը տասնամյակներ շարունակ խեղդում է Հայաստանը։
Վարդան Ղուկասյանն այս պայքարում վճարեց ամենաթանկ գինը՝ իր ազատությամբ և առողջությամբ։ Ես վճարեցի իմ անունով, հեղինակությամբ և առողջությամբ։
Հիմա հարց ունեմ ընտրողին.
Երբ քեզ գնում են, վաճառում են, վախեցնում են, հետո նույն մարդիկ գալիս ու ղեկավարում են երկիրը, վաղն ի՞նչ իրավունքով ես գալու Վարդան Ղուկասյանի դուռն ու ասելու՝ «մեզ տեր եղիր»։ Ի՞նչ իրավունքով ես գալու իմ՝ իրավապաշտպանիս դուռն ու պահանջելու պաշտպանել քո խախտված իրավունքները, եթե երեկ քո իրավունքը վաճառել ես երեսուն արծաթով։
Ստրկամտությունը երբեք ազատություն չի ծնում։ Վաճառված քվեն երբեք արդար իշխանություն չի ձևավորում։ Ընտրությունների թե՛ նախընտրական, թե՛ ընտրական փուլն ուղեկցվել է վարչական ռեսուրսի տոտալ
կիրառմամբ, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություններով, ընտրողներին առնելու և ծախելու զանգվածային երևույթներով, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։
Ընտրությունների արդյունքները վիճարկվելու են Սահմանադրական դատարանում։
Պայքարը չի ավարտվել։ Ավարտվել է միայն ընտրության օրը։ Հիմա սկսվում է իրավական պայքարը՝ հանուն ճշմարտության, արդարության և Հայաստանի Հանրապետության ապագայի։
Ես պարտվող տեսակ չեմ։ Պարտվող տեսակ չէ նաև Վարդան Ղուկասյանը»։